«Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք պատրաստվում էինք պարտվելու». Վազգեն Մանուկյան

Արարատցիների հետ հանդիպման ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ պատերազմին ու այդ պատերազմում մեր պարտության պատճառներին. «Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք պատրաստվում էինք պարտվելու:

Հենց 2018 թվականից սկսվեց ջարդը բանակի. կոռուպցիայի անվան տակ սկսեցին մտնել, տարբեր գեներալների ձերբակալել, աշխատանքից հանել, քրեական գործեր հարուցել, կոտրեցին ամբողջ Արցախի ղեկավարությունը, դուրս մղեցին գեներալներին, և բանակի ներսում արդեն անվստահություն մտավ:

Հաջորդ քայլը, որը կազմակերպվում էր մեզ պարտության տանելու՝ բանակի արդիականացումն էր՝ զենքերի հարցը:  2016 թվականին Ադրբեջանը փորձեց հարձակվել. իր համար անհաջողություններ, մենք էլ՝ կորուստներ ունեցանք, բայց Ադրբեջանը հասկացավ, որ իր դիմաց  կանգնած է այն նույն բանակը,  որից ինքը պարտվել էր 1994 թվականին, և կանգնեցրեց պատերազմը, բայց այդ պատերազմի ժամանակ մենք հասկացանք, որ նոր՝ եկող պատերազմում մեզ ինչ է սպասում. այդ թռչող սարքերը, նոր տեխնոլոգիաները: Որևիցե բան արվե՞ց, որպեսզի մենք դա ունենանք: Ո՛չ, չարվեց:

Այն ցուցակում, որով դիմել էինք ՌԴ-ին՝ ինչ զենքեր պետք է գնեինք, նախկին իշխանությունների օրոք, գրված էր՝ Տորեր՝ այն սարքերը, որոնք պետք էին այդ անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար: Դա ջնջվեց,  դրա փոխարեն՝ առանք խաղալիք ինքնաթիռներ. ինքնաթիռները շատ հզորն էին, բայց ոչ մի օգուտ չունեին ու այդպես էլ չօգտագործվեցին պատերազմի ժամանակ:

Պատերազմի ժամանակ Ֆրանսիան մեզ հոկտեմբերի 3-ին առաջարկեց, որ ինքը կարող է մեզ տրամադրել  զենք, որի միջոցով մենք կարող ենք պայքարել այդ սարքերի դեմ, հրաժարվեցինք,  հոկտեմբերի 11-ին նորից առաջարկեց, մենք հրաժարվեցինք:

Պաշտպանության նախարարն իր հարցազրույցում ասում է, որ կանոնավոր չէինք կարողանում կառավարել բանակը. ճի՛շտ է: Բանակ ունենալով՝ սկսեցին կազմակերպել ջոկատներ, ինչից որ մենք արդեն դուրս էինք եկել, էդ ՄՈԲ ռեսուրսը տանում էին, անտառում ասում էին՝ ձեզնից մեկը հրամանատար է, թողնում-գնում էին: Սա պատերա՛զմ չէր, սա սպանդանոց էր.  մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին»:

Տեսանյութեր

Լրահոս