«Հրաժարական միևնույն է՝ լինելու է, չի կարող այդ մարդն էդտեղ մնալ, չենք թողնի». Վազգեն Մանուկյան
«Բնական է, որ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք որ Նիկոլին են պաշտպանում. ես կարծում եմ, որ այդ մարդկանց հետ լուրջ աշխատանք է պետք տանել, բացատրել՝ ինչն ինչոց է: Եվ կան քաղաքացիներ, որոնք բոլոր իշխանությունների ժամանակ շահից ելնելով՝ խուժանություն են անում ընդդիմության դեմ. Այդ մարդիկ էին հավաքված»,- Գյումրիում իր հանդիպումը խոչընդոտած խմբի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանն այսօր այցելել է Արարատ քաղաք և Արարատի մշակույթի կենտրոնում հանդիպում է արարատցիների հետ, քննարկում երկրում ստեղծված իրավիճակը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նախորդ անգամ նա վիրավորական արտահայտություն է օգտագործել Գյումրիում ճանապարհը փակողների հասցեին, նա արձագանքեց.
«Ամեն մեկն իր կարծիքն ունի, բայց հետաքրքիրն այն է, որ երկիրն այս վիճակում է, հսկայական բաներ են տեղի ունենում, Ձեզ հետաքրքրում է այդ մի բառը: Այո՛, ես ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել, որովհետև անօթևան մարդկանց խիստ վիրավորել եմ՝ համեմատելով նրանց հետ»:
Արդյո՞ք փողոցային պայքարը ձախողվել է, որ սկսվել են մարզային այցելությունները՝ հարցին ի պատասխան էլ՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն նկատեց. «Ամեն ինչ իր տեղն ունի, այն էլ կլինի, այս էլ կլինի»: Նա նաև վստահեցրեց, որ դրսի պայքարն էլ կվերսկսի:
Վազգեն Մանուկյանը չհաստատեց լուրերը, թե հակասություններ կան շարժման անդամների միջև, ինչպես նաև՝ տարակարծություններ ԲՀԿ-ի հետ՝ դրանք որակելով հնարավոր:
168.am-ի դիտարկմանն էլ, թե ոչ միայն վարչապետի հրաժարականի ականատեսը չենք լինում, այլև նա շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ դեսպաններ է նշանակում, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Հրաժարական, միևնույն է՝ լինելու է. չի կարող այդ մարդն էդտեղ մնալ, չենք թողնի»:
Նա համոզված է՝ լայն շրջանակները ոչ լրիվ են տեղյակ՝ ինչ է կատարվել, և աստիճանաբար են տեղեկանում. «Այս պատերազմն այնպիսի սարսափելի հետևանքներ թողեց մեր բնակչության վրա, որ մարդիկ շոկից դեռ մինչև վերջ դուրս չեն եկել»:
Մանրամասները՝ տեսանյութում