Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:
Հյուրերը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆը, Համագործակցության և զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արևիկ Անափիոսյանը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը նախարարի հետ քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ առողջապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ հարցերը:
«Շնորհակալ ենք կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մինչ օրս տրամադրված օգնությունների համար, որոնք հասցեական կիրառություն են ստացել: Բարձր ենք գնահատում համատեղ աշխատանքներն ու փոխգործակցության նոր հնարավորությունները», – ասել է Անահիտ Ավանեսյանը:
Շոմբի Շարփն անդրադարձել է նաև պատերազմին և դրա հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը, ինչպես նաև կարևորել Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանն ուղղված աշխատանքները` հաշվի առնելով, որ այն կարող է ապահովել առողջության խթանումից մինչև կանխարգելում, բուժում, վերականգնում և պալիատիվ խնամք:
Շարունակելով Շոմբի Շարփի միտքը` Անահիտ Ավանեսյանը շեշտել է վերականգնողական բուժման բարելավման անհրաժեշտությունը զինվորների և քաղաքացիական անձանց շրջանում` հույս հայտնելով, որ համատեղ ուժերով հարցին լուծում կտրվի:
Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ընտրության վերաբերալ հարցեր:
Ամփոփելով հանդիպումը` մասնակիցները փաստել են, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում առողջապահական ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, և նախկինում սկսված ծրագրերը պետք է ավարտին հասցնել: