
Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին Հունաստանը Ֆրանսիայի հետ կնքել է կործանիչների ձեռք բերման գործարք

Հունաստանը 2.8 մլրդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Ֆրանսիայի հետ՝ ձեռք բերելու 18 Rafale կործանիչներ, քանի որ հարևան Թուրքիայի հետ լարվածությունը շարունակում է բարձր մնալ: Այս մասին հայտնում է ABC news-ը:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին Աթենքում ստորագրել է համաձայնագիր՝ հուլիսից սկսած Dassault Aviation- ի 12 օգտագործված և 6 նոր ինքնաթիռներ առաքելու մասին:
ABC news-ը նշել է, որ Ֆրանսիան անցել է Հունաստանի կողմը ՝ Էգեյան ծովի և Միջերկրական ծովի արևելյան սահմանների շուրջ վեճում, որը վերջին տասնամյակների ընթացքում մի քանի անգամ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին և Թուրքիային հասցրել է պատերազմի եզրին:
Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են վերսկսել բանակցությունները, որոնք ուղղված են վեճը խաղաղ ճանապարհով լուծելուն: Երկու երկրների բարձրաստիճան դիվանագետները երկուշաբթի օրը հանդիպել են Ստամբուլում ՝ վերսկսելու համար գրեթե 5 տարի ընդհատված գործընթացը:
Սակայն Աթենքը նշում է, որ կշարունակի միլիարդավոր եվրո արժողությամբ ծրագիրը ՝ երկրի ֆինանսական ճգնաժամի պատճառով տարիներ շարունակ տեղի ունեցած կրճատումներից հետո իր ռազմական արդիականացման համար: