«Դադիվանքը պահում էինք, որ բարենպաստ բանակցեի՞նք, իսկ հացահատիկի դաշտերը պահում էինք, որ հաջորդ բանակցային հանդիպման ժամանակ բարենպաստ իրավիճակ ձևավորեի՞նք». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր մի հարցազրույց էի ընթերցում, հետո շատ մեկնաբանություններ լսեցի տարբեր դրվագների մասին, բայց ինձ համար հարցազրույցի ամենացավալի մասը սա է.
«Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը՝ պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության եւ Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։
Վստահաբար՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը։ Երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով եւ հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի»։
Այսինքն այդ տարածքներն անիմա՞ստ էին ու մեր հայրենիքը չէի՞ն, այսինքն օրինակ Դադիվանքը պահում էինք, որ բարենպաստ բանակցեի՞նք, իսկ հացահատիկի դաշտերը պահում էինք ոչ թե մեր պարենային անվտանգության և հայ ազգի զարգացման համար, այլ որ հաջորդ բանակցային հանդիպման ժամանակ բարենպաստ իրավիճակ ձևավորեի՞նք։ Չէ հա։
Եվ սա ասում է գործիչ, ով երկու ռեժիմների ժամանակ նախարար ու փոխնախարար է աշխատել, այն էլ ինչ ոլորտի։
Բա էլ ինչի՞ եք զարմանում, որ մարդիկ չկանգնեցին Հայրենիքի համար՝ Հայրենական պատերազմի ընկալումներով։
Տեր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում ինչ է Հայրենիքը»: