Վրաստանում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ
Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում հունվարի 25-ին կեսգիշերն անց, անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Դեսպանությունը նշում է, որ այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն:
«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` հայկական բեռնատարների վրա գրոհել են ադրբեջանցիները: