Վահրամ Դումանյանի ուղերձը կրթության միջազգային օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ՄԱԿ-ի կողմից հունվարի 24-ը հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի:
Սա լավ առիթ է մեկ անգամ ևս ամրապնդելու մեր այն համոզումը, որ կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը, քաղաքացու և անհատի ձևավորման կարևոր նախապայմանը և աշխարհում սեփական տեղն ու կշիռն ունենալու հիմնասյունը։ Պետության առաջնահերթություններից է ապահովել հասարակության յուրաքանչյուր անդամի՝ կրթություն ստանալու իրավունքը, մանկավարժների համար ստեղծել պատշաճ պայմաններ՝ լիարժեք դրսևորվելու և սերունդներին գիտական ու գաղափարական վերելքների պատրաստելու, մտքի և հոգևոր զարգացման նախադրյալներ ստեղծելու ճանապարհին։ Մենք յուրաքանչյուր աշակերտի, ուսանողի, երիտասարդ գիտնականի ու արվեստագետի, մարզիկի՝ իրենց ոլորտում կայանալու և արարելու աջակիցն ենք, ապագայի նկատմամբ վստահության երաշխավորը։
Բարձրարժեք կրթությունը բարգավաճ պետության հիմքն է և պահանջում է նվիրում, քրտնաջան աշխատանք, սեր և պատասխանատվություն թե՛ տվյալ ոլորտի, թե՛ երկրի ու ժողովրդի հանդեպ։ Եվ ետպատերազմյան այս դժվարին օրերին, ավելի քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնաբար՝ ուսուցիչներով, դասախոսներով, գիտնականներով ու արվեստագետներով, մարզիկներով ու մարզիչներով ամրապնդել պետության հիմքերը՝ հանուն հայրենիքի կայուն ու սահուն զարգացման։
Շնորհավորում եմ Կրթության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում ուժ ու եռանդ, հավատ և հաջողություններ ուսման մեջ»։