Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հրավիրել են հարցաքննության. Փաստաբաններն ահազանգում են քաղաքական հետապնդման մասին
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզանը հայտարարություն են տարածել իրենց վստահորդի նկատմամբ սկսված քրեական հետապնդման վերաբերյալ:
«2021 թվականի հունվարի 29-ին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հրավիրել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ ըստ քննիչ Հ. Սարգսյանի խոսքերի՝ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննության։
Կարծում ենք՝ գաղտնիք չէ, որ գործնականում քրեական հետապնդման մարմինները ձևավորել են այնպիսի ոչ իրավաչափ գործելաոճ, ըստ որի՝ իբրև «վկայի» կարգավիճակով անձին հրավիրում են հարցաքննության, այնուհետև ձերբակալում են՝ այդպիսով տալով նրան կասկածյալի կարգավիճակ։
Նման օրինակները բազմաթիվ են։ Քննիչը, բնականաբար, չի տեղեկացրել, թե կոնկրետ ինչ փաստի առթիվ հարուցված քրեական գործով է պարոն Հակոբյանը հրավիրվում հարցաքննության, ինչն արդեն իսկ բավարար է փաստելու, որ սկսված գործընթացը բավական հեռու է իրավական տիրույթից։
Օրեր առաջ հայտարարություն ենք տարածել այն մասին, որ առկա են տեղեկություններ, որ իրավապահ մարմինները հրահանգներ են ստացել ամեն կերպ «իրավական» գործընթաց սկսել Վահե Հակոբյանի դեմ և զրկել նրան ազատությունից։ Տեղեկացնում ենք հանրությանը, որ նշված տեղեկատվությունը շարունակում է գոյություն ունենալ օբյեկտիվ իրականության մեջ, և Վահե Հոկոբյանին ինչպես սույն հարցաքննությանը կանչելն, այնպես էլ նրա նկատմամբ հետագա պլանավորած յուրաքանչյուր այլ գործողություն մենք գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, քանի որ նման ապօրինի գործընթաց սկսելու հիմք է հանդիսանում բացառապես այն հանգամանքը, որ պարոն Հակոբյանը վերջերս հանդես է եկել ՀՀ իշխանությանը խիստ քննադատություններով, որոնք, անկասկած, եղել են օբյեկտիվ և նպատակ են հետապնդել ներկայացնել այժմյան խնդիրները, որոնք ոչ միայն ունեն տնտեսական, սոցիալական բնույթ, այլև հեղինակազրկում են Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթությունում»,- գրել են փաստաբանները: