
ԱՄՆ Սենատում Թրամփի իմփիչմենթի դատավարությունը կմեկնարկի փետրվարի 8-ին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դատավարությունը կսկսվի փետրվարի 8-ին: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը:
Ժամանակացույցի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի՝ հունվարի 25-ի ուշ երեկոյան Թրամփի դեմ իմփիչմենթի մեղադրանք կփոխանցի, իսկ երեքշաբթի օրը նախնական վարույթ կլինի: Այնուհետև Թրամփի իրավաբանական թիմը ժամանակ կունենա նախապատրաստել գործը:
«Սենատը դատավարություն կանցկացնի Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ», – ասել է Շումերը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 13-ին հավանության էր արժանացրել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևը. փաստաթղթում մեղադրանքի հոդվածն ընդամենը մեկն էր՝ խռովության հրահրումը։ Այսպիսով Թրամփը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը երկու անգամ ենթարկվել է իմփիչմենթի։