Բաժիններ՝

Եվ սեր, և հարգանք, և փոխըմբռնում. Աթենա Մանուկյանի նոր տեսահոլովակը

Հունահայ սիրված երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը երկրպագուներին է ներկայացրել You Should Know երգի տեսահոլովակը։ Այն հունվարի 22-ից հասանելի է YouTube սոցիալական ցանցում։

2020 թվականի «Եվրատեսիլում» հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ սա նրա առաջին բալլադն է։ Այս երգը գրել է Մարկ Ֆ․Անգելոյի հետ։ Նրանք միասին ստեղծել են երաժշտությունը, իսկ Աթենան հեղինակել է երգի խոսքերը։ Պրոդյուսերն է DJ Paco-ն։

You Should Know երգը գրվել է 2016 թվականին, Աթենան այն կատարել է իր համերգների ընթացքում և այս տարիներին ցանկացել է այդ երգի համար հոլովակ նկարահանել։ Եվ վերջապես նրա ցանկությունն իրականություն է դարձել։ You Should Know-ն դինամիկ բալլադ է, որտեղ երգչուհին ներկայացնում է մի զույգի սիրո պատմությունը։

«Նրանցից մեկն իսկապես վիրավորված է այն վերաբերմունքից, որը ստանում է այդ հարաբերության արդյունքում։ Ասես նամակ է գրում իր սիրելիին՝ բացատրելով, թե ինչ է զգում։ Դրա իմաստը խորն է, և երգի եզրակացությունն այն է, որ մենք պետք է սիրենք և հարգենք ինքներս մեզ և երբեք չմնանք թունավոր հարաբերություններում, որոնցում չկա սեր, հարգանք և փոխըմբռնում: Մենք պետք է ամուր մնանք, մեզ բարձր դիրքավորենք և իմանանք մեր արժեքը: Մենք պետք է իմանանք, թե ինչպես փրկենք մեր հոգին»,-նշում է Աթենա Մանուկյանը։

Ինչ վերաբերում է երգի տեսահոլովակին, ապա պետք է նշել, որ Աթենան մասնակցություն է ունեցել You Should Know երգի տեսահոլովակի ռեժիսորական աշխատանքներին։ Նա հոլովակի ստեղծարար և արտ-տնօրենն է։ Երգչուհու խոսքով՝ լաց լինելիս մտածում էր Հայաստանում տեղի ունեցած պատերազմի և պատերազմական տխուր իրավիճակների մասին, որոնք իրեն շատ տխրեցնում և վշտացնում էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս