«Երեկ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է ՌԴ քաղաքներում «բողոքի ակցիաների երթուղիների» քարտեզը և ինֆորմացիա նետել դաշտ՝ «Կրեմլի վրա արշավի» մասին». Զախարովա
Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու կոչով այսօր նրա աջակիցները չարտոնված ցույցեր են նախաձեռնել Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքով մեկ:
Հիշեցնենք, որ Աեքսեյ Նավալնին Գերմանիայից ՌԴ ժամանելուն պես ձերբակալվեց օդանավակայանում՝ պայմանական ազատ արձակվելու ռեժիմը բազմիցս խախտելու մեղադրանքով: Հենց այդ մեղադրանքով էլ ավելի վաղ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված:
Քիչ առաջ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով չարտոնված ցույցերի թեմային, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կրկնեմ այն, ինչ ասել եմ ԶԼՄ-ներին:
Երեկ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է Ռուսաստանի քաղաքներում «բողոքի ակցիաների երթուղիների» քարտեզը և ինֆորմացիա նետել դաշտ՝ «Կրեմլի վրա արշավի» մասին: Ի՞նչ էր դա՝ ցուցո՞ւմ, թե՞ հրահանգ: Այդպիսի պլանների մասին նույնիսկ կազմակերպիչները չէին հայտարարել:
Կարելի է պատկերացնել, թե ինչ կսկսվեր, եթե Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը հրապարակեր բողոքի ակցիաների երթուղիները՝ վերջնական նպատակակետի նշումով, օրինակ, Կապիտոլիումում:
Նման մանրամասն կողմնորոշումը տեղանքում կավարտվեր ամերիկացի քաղաքական գործիչների գլոբալ հիստերիայով՝ ներառյալ հակառուսական կոչերը, կարգախոսները, պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներն ու ռուս դիվանագետների արտաքսումը:
Ամերիկացի գործընկերները ստիպված կլինեն բացատրություն տալ Սմոլենսկյան հրապարակում»:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը