ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը բացառել է Տոկիոյում Օլիմպիադայի հետաձգումը կամ չեղարկումը
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը բացառել է Տոկիոյում Օլիմպիական խաղերի կրկնական հետաձգման կամ չեղարկման հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել է Ճապոնիայի Kyodo գործակալությանը տված հարցազրույցում:
«Այս պահին պատճառներ չկան կարծելու, թե հուլիսի 23-ին Օլիմպիական խաղերը չեն մեկնարկի Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում: Հենց այդ պատճառով էլ ոչ մի պահեստային պլան չկա, եւ հենց այդ պատճառով էլ լի ենք վճռականությամբ անցկացնելու անվտանգ եւ հաջող Խաղեր»,- մեջբերում է նրա խոսքը Kyodo գործակալությունը:
Թոմաս Բախն ընդգծել է, որ Խաղերի կազմակերպման համար գերակա խնդիր է մնում «մասնակիցների անվտանգությունը»: Ճապոնիայի գործակալությունը նաեւ նշում է, որ հարցազրույցի ընթացքում Բախը չի բացառել Օլիմպիադայի հանդիսականների թվի կրճատման կամ նույնիսկ առանց նրանց Խաղերի անցկացման հնարավորությունը:
«Այդ առումով ոչ մի կարգի տաբու չկա»,- նրա խոսքից մեջբերում է անում Kyodo-ն: Բախը նաեւ նշել է, որ ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում նույնպես պետք է անցնեն ըստ պլանի: Տոկիոյում Օլիմիպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Ըստ որում՝ Խաղերի «Տոկիո – 2020» անվանումը պահպանված է:
Հունիսին Տոկիոյում Խաղերի կազմկոմիտեն պաշտոնպես հանդես է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձեւաչափի պարզեցման օգտին: Ըստ որում Խաղերի բյուջեն աճել է մրցումների հետաձգման եւ կորոնվիրուսի դեմ միջոցների հետ կապված լրացուցիչ ծախսերի պատճառով, եւ այժմ կազմում է 1,64 տրիլիոն իեն (15,9 միլիարդ դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: