«Ձեռագիրն Արարատինն է. կասկած չունեմ, որ նա ԱԱԾ գործակալ է». Մարինե Մանուչարյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ, «Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանի հետ
– Տիկին Մանուչարյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ասել էիք, որ Նիկոլ Փաշինյանն իր աթոռը չի թողնի, ատամներով կպահի մինչև վերջ. «Արյուն կթափի, եղբայրասպան պատերազմի կհասցնի, բայց այդ աթոռից չի հրաժարվի»: Այդ զրույցից անցել է մոտ երկու ամիս, ընդդիմության պայքարը չի տվել հայտարարված արդյունքը, և Հայաստանը շարունակում է ղեկավարել, Հայաստանի անունից հայտարարություններ ստորագրել Նիկոլ Փաշինյանը: Դուք այս իրավիճակում ի՞նչ լուծում եք տեսնում:
– Փաստորեն, այդքան էլ վատ չեմ ճանաչում Փաշինյանին, որովհետև դատելով նրա՝ Եռաբլուր անփառունակ մտնելու շքերթից և Սյունիքում հերթական պրովոկացիա անելու փորձից, կարելի է ասել, որ նա ձգտում էր արյուն թափելու պրոցեսին, և առհասարակ, ևս մեկ անգամ ապացուցեց իր հոգեկան անկայունության և իրականությունն ընկալելու խնդիր ունենալու փաստը: Ինչ վերաբերում է լուծմանը, ցավոք, ես չունեմ մեկ լուծում, որ ասեմ՝ տեսեք, ժողովուրդ, այսպիսի ֆորմուլա գոյություն ունի, որը կփրկի բոլորիս: Սա երևի մեր նորագույն պատմության ամենա մարտահրավերներով լեցուն ժամանակաշրջանն է, որը մի քիչ եթե դրական նայենք՝ դասեր քաղելու, սովորելու և ռեֆլեքսիա անելու ժամանակաշրջան է, հետևաբար, սրա լուծումն ուղղակի այդ ռեֆլեքսիայի ժամանակն անցնելն է, բայց նաև գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին:
Լուծման գնալու համար իշխանության և նրա քայլերի մասին խոսելն անիմաստ է, որովհետև չգիտեմ՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ համոզվենք՝ այս իշխանություններն իրականությունից կտրված, իրենք իրենց համար դրել են օրակարգ, և իրենց թվում է, որ այդ օրակարգով իրենք առաջ են շարժվում, ու բոլորը դրան նորմալ են վերաբերվում: Իրականության մեջ այդպես չէ, և լուծման բանալիներն էլ նրանցից դուրս դաշտում երկխոսություններ ձևավորելու, նրանցից անկախ որևէ բան անելու մեջ է: Ամեն դեպքում, այսօրվա դրությամբ այն, ինչ կատարվում է, ապացուցում է, որ որևէ արդյունք չի տալիս, փաստացի, մեզ մոտ դարձյալ եղավ ընդդեմ, ոչ թե՝ հանուն, և այդ ընդդեմն այդ ալիքը չբարձրացրեց: Մենք եկանք և բախվեցինք այն դառը իրականության հետ, որ մեր հասարակությունը ծառս չէր էլ լինելու Արցախը տալու, զիջումների գնալու, թուրքերի հետ հարևանություն, բարեկամություն անելու հարցում: Սա երևի այն միֆն էր, որին բոլորս գերի էինք 30 տարի, այլ հարց է, որ այս հասարակությունն իր խնդիրները կտեսնի շուտով, երբ սկսեն տնտեսական լրջագույն խնդիրներ առաջանալ: Այս առումով, միգուցե սա այն պահն է, որ հասարակությունը կզարթնի և կգիտակցի այն իրավիճակը, որում գտնվում ենք մենք բոլորս:
– Օրերս Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը խոսեց Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի մասին՝ ասելով, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կրկնակի գործակալ է՝ Հայաստանի և Թուրքիայի, ներկայացրեց փաստաթուղթ՝ Միրզոյանի՝ ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ այս օրերին ինչո՞ւ ԱԺ-ում որևէ մեկն այս հարցը չբարձրացրեց, և առհասարակ, ի՞նչ քաղաքական և իրավական գործընթաց պետք է հետևեր այս ամենին:
– Այստեղ հարցն ավելի շուտ ոչ թե իրավական պրոցես պետք է լիներ, այլ պետք է լիներ հասարակական պրոցես, և առաջին հերթին՝ ԱԺ-ում այն մարդկանց կողմից, ովքեր տարիներ շարունակ իմ ներկայությամբ, ինձ ճանաչելով, մի սենյակում լինելով՝ անդադար բողոքել և փնտրել են ԿԳԲ-ի այն ագենտներին, ովքեր քաղաքացիական ճնշումների և բռնաճնշումների են գնում իրենց հանդեպ, և այլն, և այլն, այդ թվում՝ նաև իրենց շարքերում էին փնտրում այդ մարդուն: Հիմա, փաստորեն, գտել են մեկին, բայց ոչ մի բան չեն անում: Ավելին, զավեշտալի էր նայել, որ որոշ մարդիկ ԱԺ-ում նույնիսկ արդարացնում են, ասում են՝ հա, ի՞նչ է եղել, մեր ԱԱԾ-ն է, նրանց է ծառայում. Դա ուղղակի աբսուրդի ժանրից է: Ես նաև անհամբեր սպասում էի մի քանի այլ գործիչների անձնական խնդիրներով առնչվող հարցերի գնահատականին, որովհետև իրենք ունեին կասկածներ, որ իրենց քաղաքական հետապնդումներն Արարատ Միրզոյանի հետ են կապված եղել, բայց այդ մարդիկ լռեցին: Զավեշտալի է նայել այս ամենին: Ու այս մարդիկ խոսում են սկզբունքների, արժեքների, իրենց սկզբունքայնության մասին, բայց փաստացի խաղի մեջ են, այդ խաղն ընդունել են, այդ խաղը նույն կեղտոտությամբ խաղում են, նույնիսկ՝ շատ ավելի կեղտոտ, քան ես կարող էի պատկերացնել:
– Այսինքն՝ Դուք նրանց շատ լավ եք ճանաչում, և որպես նախկին կուսակից՝ հավատում եք, որ Արարատ Միրզոյանը կարող է ԱԱԾ գործակալ լինել:
– Ես հավատալ-չհավատալու խնդիր չունեմ. Ձեռագիրն Արարատինն է, թուղթը փաստացի գրված է, ստորագրված է ԱԱԾ հավաքագրողի կողմից:
– Իսկ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի գործակալ լինելու առումո՞վ…
– Այդ հարցով միգուցե պետք է հենց հարցաքննությունները լինեին, բայց ինչ վերաբերում է մեր ԱԱԾ գործակալ լինելու մասով՝ ես կասկած չունեմ այս պահին այլևս:
– Գործող իշխանությունները կկարողանա՞ն հայկական կողմի գերիների վերադարձնել, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանը Մոսկվա մեկնելուց առաջ ասում էր՝ դա մեզ համար անկյունաքարային հարց է, բայց անձամբ խոստովանեց, որ չի կարողացել հասնել այդ հարցի լուծմանը, հիմա էլ ասում է՝ ընդդիմությունն է մեղավոր…
– Հետո էլ կասի՝ բա Սերժի ժամանակ ինչի՞ գերի չէիք ընկնում. Նորմալ է: Նիկոլ Փաշինյանն այս պահին սովորական թակարդն ընկած մկան նման թպրտում է, որովհետև ուրիշ ձև ինքը չի կարող իրավիճակը հստակեցնել, իրենից անկախ է այդ ամենը՝ նա ոչ ուժ ունի, ոչ ազդեցություն, ոչինչ: Հասկանո՞ւմ եք՝ 90-ականներին հայր Ալիևը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ուղիղ հեռախոսակապ ուներ, նույնիսկ՝ պատերազմի ժամանակ, նույնիսկ եղել են դեպքեր, երբ զանգել-խնդրել են ինչ-որ տեղ կրակը դադարեցնել: Այս մասին շատերը գիտեն: Բայց այսօրվա դրությամբ այս մարդը վերջին 2.5 տարվա մեջ այնպես է պահել իրեն, այնպիսի տեքստերով է խոսել, որ ես չեմ զարմանում նույնիսկ՝ Ալիևն անձնական վրեժխնդրության է սա վերածել: Դա ամենամեծ չարիքն է, երբ քաղաքականության մեջ քաղաքական գործիչներն անցնում են անձնական վրեժխնդրության մակարդակի: Ես վստահ եմ, որ, եթե իշխանություն փոխվեր, և Հայաստանի կողմից լիներ մեկ այլ գործընկեր Ադրբեջանի համար, որի հետ նույնիսկ դիալոգ կարելի էր վարել, մենք այսպիսի խնդիր մեր գերիների հետ չէինք ունենա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում