Կորցրել եմ ամեն ինչ, փաստաթղթերից և մի երկու կտոր հագուստից բացի, ոչ մի բան չենք հասցրել վերցնել. արցախցի
Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղը ևս օկուպացվել է Ադրբեջանի կողմից և գտնվում է այդ երկրի վերահսկողության ներքո:
Գյուղի բնակիչներից 6 անչափահաս երեխաների մայր Վարդուհի Ալոյանն իր ընտանիքի և մի խումբ արցախցիների հետ ժամանակավոր բնակվել է Ծաղկաձորում, շուտով տեղափոխվելու է Երևան՝ հանրակացարան, սակայն չգիտի, թե ինչպես է հոգալու, օրինակ, սննդի հարցը:
«Գյուղից դուրս ենք եկել սեպտեմբերի 30-ին: Փաստաթղթերից և մի երկու կտոր հագուստից բացի, ոչ մի բան չենք հասցրել վերցնել: Կորցրել եմ ամեն ինչ:
Ծաղկաձորում ենք, բայց մոտ 2 օրից Երևան պետք է բերեն, ինչ-որ հանրակացարան: Հիմա որ գանք Երևան՝ սննդի կարիք կլինի, դե, անվճար ենք մնալու, քանի որ պետությունը տան վարձն ու կոմունալ ծառայությունների վճարները տալիս է»,- ասաց Վարդուհին՝ հայտնելով, որ ունեն աշխատանքի կարիք:
«Մասնագիտություն չունեմ, բայց տարբեր տեղեր աշխատել եմ, հիմա խոհարար եմ, 50 արցախցու համար հաց եմ պատրաստում անվճար»,- հավելեց նա:
Վարդուհին դեռևս չի շտապում Արցախ վերադառնալ:
«Հետ գնալու հնարավորություն չկա, դեռևս տներ չկան, մի տարուց հազիվ թե սարքեն»,- ասաց նա:
Քաղաքացին նշեց, որ օգտվել են նաև կառավարության կողմից հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերից: Հիշեցնենք, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գրանցված և վերջին երեք ամսում բնակված բոլոր քաղաքացիների համար կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը 300.000 դրամ է: 250.000 դրամ էլ կտրամադրվի նրանց, ովքեր ավերածությունների պատճառով չեն կարողանում բնակվել իրենց տներում:
Ընտանիքին աշխատանքի առաջարկի կամ սննդով օգնելու համար կարող եք օգտվել նշված հաշվեհամարից, որը Վարդուհի Ալոյանի անունով է. «Արցախբանկ» 22316003845903: