Փաշինյանը փորձում է բանակցել ընդդիմության հետ․ ո՞վ կընտրի ՕԵԿ-ի ճակատագիրը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն այս շրջանում ոչ միայն հանդիպումներ է ունենում աննշան կուսակցությունների հետ, որպեսզի հանրությանը համոզի, թե դրության տերն է երկրում։ Ոչ միայն իր պաշտպանության նախարարին ուղարկում է ՀԺԿ նախագահի մոտ, որպեսզի նրան համոզի՝ հանդիպել իր հետ։ Ոչ միայն անընդհատ խոսում է «կառավարման համակարգը ռեսթարթ անելու» մասին և կադրային «ռակիրովկաները» ներկայացնում որպես այդ պրոցեսի մաս, այլև փորձում է բանակցել ընդդիմության հետ։ Եվ անգամ շանտաժ է անում՝ չեք ուզում ընդունել իմ առաջարկած պայմանները, արտահերթ ընտրություններ չենք անի։
Մեր տեղեկություններով՝ կոալիցիա կազմելու առաջարկներ արվել են և՛ ԲՀԿ-ին, և՛ ԼՀԿ-ին։ Բանակցություններ են գնում նաև արտախորհրդարանականների, նախկին նախագահների, այլ դժգոհ անձանց հետ։ Կարծում են, որ ամեն մեկին մի բան կառաջարկեն, և նրանք զենքերը վայր կդնեն։ Ընդդիմության ճամբարում, իհարկե, կան միավորներ, որոնք պատրաստ են «համագործակցության», բայց մի մասն աչքի առաջ ունի ՕԵԿ ճակատագիրը, մյուսները կարծում են, որ ավելի շատի կարող են հավակնել, երրորդները ամբողջն են ուզում, և ծրագիրն իրականություն չի դառնում»։