Հայաստանում սկսել են քիչ շինարարություն անել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շինարարության ծավալները նվազել են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա 11 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարությունը 11.2 տոկոսով նվազել է:

Նշենք, որ շինարարության մի զգալի մասն իրականացվում է պետական բյուջեի եւ համայնքային միջոցների հաշվին։ Այստեղ ունենք աճ. անցյալ տարվա 11 ամիսներին պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները 9.7 տոկոսով ավելացել են:

Թերթը տեղեկացավ, որ համայնքների միջոցներով իրականացված շինարարության ծավալները 5.8 տոկոսով աճել են: Իսկ, ահա, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները պակասել են 45.7 տոկոսով:

Նվազել են նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները. անկումը կազմել է 55 տոկոս։ Մյուս կողմից՝ ավելացել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված շինարարության ծավալները 56.8 տոկոսով:

Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները պակասել են 5.2 տոկոսով, իսկ մարդասիրական միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 55.9 տոկոսով: Բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները նույնպես նվազել են 34.9 տոկոսով:

Ինչպես հայտնի է, շինարարության ծավալների առյուծի բաժինը ընկնում է կազմակերպություններին՝ կառուցապատող ընկերություններին: Նրանց հաշվին իրականացված շինարարությունը նվազել է 4.7 տոկոսով»:

Տեսանյութեր

Լրահոս