Եվրախորհրդարանը ընդունված բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում
Եվրոպական խորհրդարանում հունվարի 20-ին ընդունվել են «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը: Դրանցից առաջինում առանձին կետով անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի խնդրին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևով Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, խիստ քննադատել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, և այդ կապակցությամբ կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան:
Եվրախորհրդարանը բանաձևով նաև ընդգծվել է, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, և խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ապահովվի հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը, ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր անվտանգ վերադարձը:
Բացի այդ, բանաձևով կոչ է արվել պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Բանաձևի առանձին՝ 38-րդ կետով Եվրոպական խորհրդարանը խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խաթարում Հարավային Կովկասում փխրուն կայունությունը: Կոչ է արվել Թուրքիային զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որևէ միջամտությունից, ներառյալ՝ Ադրբեջանին ռազմական օգնություն առաջարկելու տեսքով, և հետ կանգնել իր ապակայունացնող գործողություններից ու ակտիվորեն խթանել խաղաղությունը: Քննադատվել է Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղափոխումը Սիրիայից և այլ վայրերից դեպի ԼՂ:
«Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն – 2020թ. իրականացման վերաբերյալ տարեկան զեկույց» (CSDP) բանաձևում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առանձին պարբերության մեջ նշվում է. «Եվրոպական խորհրդարանը ողջունում է ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը»։
Այնուհետև մտահոգությամբ ընդգծվել է հակամարտությանը երրորդ երկրների ռազմական ներգրավվածությունը, հատկապես Թուրքիայի միջամտությունն ու ապակայունացնող դերակատարումը, կոչ է արվել իրականացնել միջազգային ուսումնասիրություն օտարերկրյա զինյալների ներկայության, կասետային զինատեսակների և ֆոսֆորային ռումբերի օգտագործման հարցերի առնչությամբ։
Եվրամիությանը և միջազգային կառույցներին կոչ է արվել թույլ չտալ ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների և ԼՂ հակամարտությունում արգելված զինատեսակների կիրառման անպատժելիությունը, պնդվել է այն մոտեցումը, որ անհրաժեշտ է թույլ տալ մարդասիրական աջակցության մատակարարումը տուժածներին, առանց ձգձգումների իրականացնել գերիների և տուժածների փոխանակումը և պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը:
«Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն – 2020թ. իրականացման վերաբերյալ տարեկան զեկույց» (CFSP) բանաձևում կոչ է արվում ԵՄ հարևանության նկատմամբ ստանձնել ռազմավարական պատասխանատվություն և կատարել ժամանակային առումով ավելի պատեհ, ավելի ակտիվ ու արդյունավետ դերակատարում՝ շարունակվող լարված իրավիճակներում ու հակամարտություններում միջնորդության ու դրանց խաղաղ կարգավորման, հետագա հակամարտությունների կանխման նպատակով: Ի թիվս այլ ձևաչափերի, վերահաստատվել է ամուր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ընդգծվել է, որ ԱլԳ և ԵՄ հարևան այլ երկրների հետ համագործակցությունը պետք է առաջնահերթ լինի ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության համար՝ պայմանավորված այդ երկրների զարգացման և ժողովրդավարացման գործում ԵՄ կենսական շահով: Եվրոպական հանձնաժողովին և Արտաքին գործողության եվրոպական գործակալությանը կոչ է արվել, ի թիվս այլ ուղղություննների, ամրապնդել մարդկանց միջև շփումները, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով, երբ բոլոր պահանջները կատարված են: