«Մենք պատրաստ ենք ընտրությունների. Կգա ժամանակը, և դրա մասին հայտարարություն կլինի». ԼՀԿ պատգամավոր
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը վստահեցնում է՝ իրենք պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների. պատրաստվել են, որովհետև իրենց համար ակնհայտ է, որ, այսպես թե այնպես, միևնույն է, երկրում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին, ասաց պատգամավոր Բաբայանը։
Հարցին՝պատրա՞ստ են արդյոք մասնակցել արտահերթ ընտրությունների, եթե դրանք անցկացնի Նիկոլ Փաշինյանը, Հարություն Բաբայանը պատասխանեց.
«Մենք մեզ համար տարբերակ ենք դիտարկում արտահերթ ընտրությունների գնալը՝ վարչապետի հրաժարականով։ Ես չգիտեմ, թե Փաշինյանը հուշագրի ստորագրման առաջարկով ի՞նչ է ուզում, սակայն բանաձևը հետևյալն է՝ արտահերթ՝ վարչապետի հրաժարականով, որովհետև նրանց վարչարարության դեպքում մի քիչ անհավանական է ընտրություն կազմակերպելը։ Բոլորս էլ գիտենք, որ մյուս տարբերակում չկա վստահություն, հասարակության մեջ կա ապատիա, և այլ տարբերակ չի մնում, քան ասել իշխանությանը, որ՝ դուք չեք կարողանալու վարել ընտրությունը, չեք էլ կարողանում առհասարակ բանակցել»,- ասաց Հարություն Բաբայանը։
Հարցին՝ այնուամենայնիվ, եթե ընտրությունները կազմակերպում է Փաշինյանը, այդ դեպքում ի՞նչ է անելու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, պատգամավորը պատասխանեց.
«Բոլոր դեպքերում վերահսկողությունն անելու են պառլամենտական ուժերը։ Պետք է մի հատ սցենարը հասկանանք, երբ Փաշինյանը հրաժարական է տալիս, երկու անգամ այդ հարցը պետք է քննարկվի, որ Ազգային ժողովը լուծարվի։ Ուզենք թե չուզենք, բոլորն էլ մասնակցելու են այդ ընտրությանը, ի վերջո, երկրում ընտրություններ պետք է լինե՞ն, թե՞ ոչ։ Այդ ընտրությունները լինելու են վաղ թե ուշ»,- ասաց Բաբայանը։
Դիտարկմանը՝ ընդդիմադիր ուժերից, օրինակ, Հանրապետական կուսացությունը բացառում է Փաշինյանի կազմակերպած որևէ ընտրության մասնակցություն, այդ դեպքում այս տարբերակն արդյո՞ք իր համար բացառում է «Լուսավոր Հայաստանը», Հարություն Բաբայանը պատասխանեց.
«Փաշինյանն անհնար է, որ ինչ-որ տոկոս չհավաքի, իսկ թե որքա՞ն կհավաքի, դա կապված է լինելու ընտրության գնալու մոդելից՝ համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական։ Այս մոդելի հարցը ևս բաց է մնացել։ Կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք ընտրությունների»։
Հարցին՝ այսինքն չե՞ք բացառում, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին, Հարություն Բաբայանը պատասխանեց.
«Կգա ժամանակը, և դրա մասին հայտարարություն կլինի»։
Հարություն Բաբայանն արտահերթ ընտրությունների անցկացման հարցից զատ՝ խոսեց նաև ստեղծված իրավիճակում անելիքների և առաջնահերթությունների մասին։
Ըստ նրա՝ Հայաստանում բան է փոխվել, մենք ապրում ենք այլևս ոչ թե 42 հազար քառակուսի կմ, այլ 29 հազ քառ. կմ տարածք ունեցող երկրում, հետևաբար՝ պետք է խոսել, թե ինչ պետք է անել ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար։
«Մեկ անգամ այդ էջը՝ բոլոր խնդիրներով հանդերձ, պետք է շրջել ու ապրել 29 հազար 800 քառակուսի կմ Հայաստանում։ Մեր մեծագույն խնդիրը դա մեր ներքին ռեսուրսների՝ ներքին հարուստներին համոզելն է, որ նրանք ներդրում անեն կրթության ոլորտում։ Թող գնան, օրինակ, ինժեներական լաբորատորիաներ բացեն, ֆինանսավորեն մաթեմատիկա, ֆիզիկա առարկաների հետ կապված նախաձեռնություններ, Արմաթ լաբորատորիաներ։ Մեզ պետք է, որ սպառողական մտածողությունից տեղափոխվենք դեպի ստեղծարար մտածողություն։ Օրինակ, մեկ Արմաթ լաբորատորիա բացելն արժե 7 միլիոն դրամ, բայց դրա շնորհիվ մենք հաջորդ սերնդի մեջ կունենանք մարդիկ, որոնք բարիք են ստեղծելու։ Սա է տարբերակը։ Մենք պետք է դուրս գանք այս խնդիրներից, իսկ մեր խնդիրը մեր մեջ է, մեր ուղեղի մեջ, որովհետև մեր տրամաբանության ցիկլը 100 տարի անց կրկնվեց, հետևաբար՝ դրա առաջը պետք է առնենք նոր, ավելի լայն մտածող մարդկանց կերտելով, իսկ եթե չունենք, պետք է հրավիրենք սփյուռքից»,- ասաց Բաբայանը՝ շեշտելով, որ սփյուռքի հետ հարաբերությունների վերափոխման անհրաժեշտություն ևս կա։
«Սփյուռքն ունի մեծ մարդկային ներուժ, և նրանց պետք է բերել Հայաստան՝ այդ մարդկանց տալով հնարավորություններ, իսկ եթե կան խոչընդոտող գործոններ, դրանք հեռացնել նրանց ճանապարհից։ Սփյուռքը հասկացել է, որ հայրենիքին հեռվից դժվար է օգնել, պիտի գան այստեղ, իսկ այն մարդիկ, որոնք որ ուզում են գալ, բոլորը ստեղծող մարդիկ են, որոնք պետք է արդեն հաջորդ սերնդին կրթեն ոչ թե սպառողական, այլ ստեղծագործ մտածողությամբ։ Կիրթ սերունդ պետք է մեծանա, որը մեզ պետք է փրկի, հակառակ դեպքում՝ դատապարտված ենք»,- ասաց Հարություն Բաբայանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում