«Նիկոլի ընտանիքն ապրում է հանուն ոչնչի, ո՞ւմ է պետք այդպիսի կյանքը, վախի մեջ թաղված՝ աթոռին կառչած մնալը». Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանն առաջարկում է հրաժարվել «ՀՀ իշխանությունների քաղաքականություն« կապակցությունից, քանի որ որևէ ադեկվատ և քաղաքական գիծ նրանց մոտ չի տեսնում:

«Ես այս 3 տարում, իսկ պատերազմից հետո՝ հատկապես, որևէ բանական արտահայտություն նրանցից չեմ լսել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, իր իսկ բնութագրմամբ՝ «դժբախտ և դժգույն» Շուշիի վերաբերյալ հերթական հայտարարությունն արեց. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»:

Նրա այդ հայտարարությունն ադրբեջանական մամուլը շատ արագ սկսեց տարածել:

Նաիրա Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ նման ադրբեջանահաճո հայտարարություններ անելով՝ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ նպատակ է հետապնդում:

«Գիտակցելով սեփական ապիկարությունը՝ նա փորձում է մանիպուլյացիաներ անել հասարակության այն շերտերի համար, ովքեր անվերապահորեն հավատում են ամբիոնից հնչող ցանկացած հայտարարության, բայց սա շատ էժանագին մանիպուլյացիա է, քանի որ վերջին 30 տարում և նաև մինչ անցյալ դարի սկզբի Շուշիի կոտորածները, գիտեք՝ Շուշին որքանով էր բնակեցված հայերով: Միայն պատմական հուշարձանները մեզ արդեն հուշում են Շուշիի հայկական լինելու մասին: Նույն հաջողությամբ մենք կարող ենք նշել, որ Վանը հայկական չէ, Կարսը հայկական չէ, Անին հայկական չէ, և ընդհանրապես, գուցե Երևանը և իր հայրենի Իջևա՞նն էլ հայկական չեն: Երբևիցե չի եղել Հայաստանի մի ղեկավար, ով Ազգային ժողովի բարձր ամբիոնից հնչեցնի նման անհեթեթություններ, և, բնականաբար, ադրբեջանական մամուլը պետք է դա օգտագործի, և, բնականաբար, պետք է հերթական Ադրբեջանի ազգային հերոսի շքանշանը կպցնեն նրա դոշին: Ես ցավում եմ, որ սեփական անձի փրկօղակը Նիկոլ Փաշինյանը շատ ավելի բարձր է գնահատում, քան մի ողջ ժողովրդի հազարամյա պատմություն կամ ինքնության պահպանում և գոյամարտ: Մենք այսօր մտել ենք գոյամարտի մեջ, պատերազմը ավարտվել է, բայց մենք հայրենիքը պատառ-պատառ շարունակում ենք հանձնել թուրքին: Սա խայտառակություն է»,- ի պատասխան՝ ասաց Նաիրա Կարապետյանը:

ԱԺ նախկին պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հաճոյանում է թուրքին, թե ինչու, դա, ըստ նրա՝ հարցի մյուս կողմն է. «Երբ է ժողովուրդը զարթոնք ապրելու և այս ամենի դեմն առնելու, ես չգիտեմ, բայց մի օր դա լինելու է»:

Նա ընդգծեց՝ սուտը Նիկոլ Փաշինյանի կրեդոն է. «Մենք բոլորս մեզ դավաճանված ենք զգում և այդ դավաճանվածի շոկից դեռ դուրս չեկած՝ մեզ պարտադրում են երջանկություն ապրել այն մտքից, որ դու կարող ես գնացք նստել Մեղրիում, հայտնվել Ռուսաստանում՝ Բաքվի միջոցով: Սա՞ է հայկական երազանքը: Դու Ստեփանակերտի հրապարակում քայլելու ես, լսելու ես Շուշիից նամազը և բացարձակ որևէ ապրումներ չես ունենալու, որովհետև Շուշին ադրբեջանական քաղա՞ք է, այնպիսի դժբախտ ու դժգույն քաղաք է, որ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակվեց և թյուրքական երկրների 2022թ. մշակութային մայրաքաղաք. շատ անճաշակ են էդ թյուրքական ժողովուրդները»:

Նաիրա Կարապետյանը հավելեց. «Ժամանակին Աննա Հակոբյանը արտահայտություն արեց, որ՝ մեր տղաները «զոհվում էին հանուն ոչնչի». ես կարծում եմ, որ Նիկոլի ընտանիքն ապրում է հանուն ոչնչի, ո՞ւմ է պետք այդպիսի կյանքը, վախի մեջ թաղված՝ աթոռին կառչած մնալը: Ես կարծում եմ, որ նա դեռ ունի առաջադրանք, որը պետք է կատարի: Չի կարող թեկուզ ամենաանգիտակից, թեկուզ ամենաանինքնասեր մարդը վտանգել սեփական կյանքը՝ այսպիսի գնով: Կարծում եմ, նա ունի առաջադրանք, դրա համար ամեն կերպ փորձում է երկարաձգել իր իշխանությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս