Ամատունի Վիրաբյանին ազգային արխիվի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանը դատարանն անվավեր է ճանաչվել, նա կվերականգնվի պաշտոնում

«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանին աշխատանքից ազատելու նախարարի հրամանն անվավեր է ճանաչվել, նա կվերականգնվի պաշտոնում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի։

Հիշեցնենք, որ 2020թ սեպտեմբերի 7-ին «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Վիրաբյանը հայցադիմում էր ներկայացրել՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ դատարանը հունվարի 15-ին որոշում է կայացրել Վիրանյանի հայցադիմումը բավարարելու մասին՝ անվավեր ճանաչելով նրան աշխատանքից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը եւ նրան վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնում։ Դատարանը որոշել է նաև պատասխանող կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարությունից, հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար՝ որպես պետական տուրք, ինչպես նաև հօգուտ հայցվոր Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Տեսանյութեր

Լրահոս