«Երկու անգամ Ալիևը դիմել է Էրդողանին՝ ասելով, որ հյուծված է և չի կարող շարունակել պատերազմը». Դավիթ Շահնազարյան
«Երկու անգամ՝ հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 11-ին, Փաշինյանը մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ Հայաստան ուղարկել հակաօդային համակարգեր, կամ ավելի ճիշտ՝ անօդաչուների դեմ պայքարի համակարգեր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Ս. Սեյրանյանի ճշտող հարցին, թե այդ երկիրը Ֆրանսիա՞ն է եղել, նա պատասխանեց՝ այո:
«Ես պատասխանատու եմ իմ բոլոր ասածների համար, իրենք չեն էլ փորձի դա հերքել, որովհետև ես նաև ամսաթվերն եմ ասում՝ երբ է դա եղել»,- ասաց նա:
Ըստ Ս. Սեյրանյանի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ այդ կապակցությամբ իր զարմանքն ու տարակուսանքն է արտահայտել՝ առաջարկել է օգնություն, սակայն Փաշինյանը մերժել է:
Դավիթ Շահնազարյանի պնդմամբ՝ երկու անգամ՝ հոկտեմբերի 18-ին և նոյեմբերի 4-ին, Ալիևը դիմել է Էրդողանին՝ ասելով, որ հյուծված է և չի կարող շարունակել:
«Ընդ որում, իմ տեղեկությունների համաձայն՝ առաջին անգամ՝ հոկտեմբերի 18-ին, այդ հեռախոսային խոսակցությունից հետո Էրդողանը պահանջել է, որ Ալիևը գրավոր դիմի, և նա գրավոր է այդ բանն ասել Էրդողանին»,- ասաց նա՝ հավելելով, որ, եթե ուշադրություն դարձնենք Թուրքիայից Ադրբեջան բեռնափոխադրումներին, որոնք բացառապես ռազմական բնույթ են կրել, հոկտեմբերի 18-ից հետո դրանք էապես մեծացել են:
Մանրամասները՝ տեսանյութում