Սիեթլում և Փորթլենդում անկարգություններ են տեղի ունեցել Բայդենի պաշտոնակալությունից հետո
Նախագահ Ջոզեֆ Բայդնեի պաշտոնակալությունից հետո ԱՄՆ-ում ձախ արմատական շարժումների ներկայացուցիչներն անկարգություններ են սարքել Միացյալ Նահանգների արեւմտյան ափի երկու խոշոր քաղաքներում՝ Սիեթլում եւ Փորթլենդում: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում երկու քաղաքների ոստիկանական դեպարտամենտների օգտահաշիվներում:
Սիեթլում բողոքավորները հավաքվել են քաղաքի կենտրոնում, ավերել են Amazon-ի խանութը եւ դատարանի շենքը, այրել ամերիկյան դրոշը: Ինչպես ճշտում է Fox News հեռուստաընկերությունը, վկայակոչելով ականատեսների, ավերումը կազմակերպել են ձախ արմատական շարժումների, այդ թվում հակաֆաշիստների ներկայացուցիչները: Ձախ արմատական շարժումների ներկայացուցիչների մասնակցությամբ անկարգություններ են տեղի ունեցել նաեւ Փորթլենդում: Բողոքավորները բացականչել են կարգախոսներ, թե «ցանկանում են ոչ թե Բայդենին, այլ արդարություն»: 150 մարդուց բաղկացած խումբն ավերել է Դեմոկրատական կուսակցության գրասենյակը:
Փորթլենդի մի այլ մասում ամբոխը քարեր ու շշեր է նետել ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ծառայության շենքի վրա: Ոստիկանության տվյալներով՝ բողոքավորներից ոմանց մոտ նկատվել են էլեկտրաշոկերներ, վահաններ եւ գազի գլանանոթներ: Նրանք նաեւ բացականչել են կարգախոսներ, որոնք վկայել են հակաֆաշիստական խմբավորումներին եւ BLM շարժմանը իրենց պատկանելության մասին: Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հունվարի 20-ին երդում է տվել որպես ԱՄՆ-ի 46-րդ նախագահ: Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնակալությունը Վաշինգտոնում անցել է առանց որեւէ պատահարի, թեեւ հունվարի 6-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո ձեռնարկվել էին անվտանգության ուժեղացված միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: