«Փաշինյանին ասել եմ, որ մեր օրակարգն անցումային կառավարություն ձևավորելն է, թեկնածուն էլ ես եմ և պետք է առաջադրվեմ». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհրդարանում խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ստորագրել հուշագիր, ըստ որի՝ արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք չեն առաջադրելու իրենց վարչապետի թեկնածուներին, տվյալ դեպքում՝ ԼՀԿ-ի ղեկավարին:
«Ես այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ մեր օրակարգն անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է, անցումային մեր կառավարության թեկնածուն ես եմ և պետք է առաջադրվեմ: Կոնսենսուս չի եղել, և հուշագրի թեման փակվել է: Այն, ինչ քննարկում են ԱԺ ամբիոնից, մենք նրանց թիմի ղեկավարի հետ քննարկել ենք, այսինքն՝ հուշագիր չի լինելու, ինքն էլ հրաժարական չի տալու: Հիմա եթե ասում ենք, որ մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, դա չի նշանակում, որ մենք մեր թեկնածուին չենք առաջադրելու, առաջադրելու ենք: Հարց՝ կարո՞ղ է, ըստ իշխանության, 82-ը մեծ է 50-ից, հիմա, եթե վստահ են, որ ես չեմ ընտրվելու, ապա ի՞նչ խնդիր կա»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա՝ ինքը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է «կոնտր հուշագիր», որ որևէ մեկը չի առաջադրվելու, և խորհրդարանը ցրվում է, և գնում են ընտրությունների, սակայն չի եղել համաձայնություն, հետևաբար՝ չկա հուշագիր, չկա հրաժարական, և չկա ընտրություններ:
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդրին և իշխանությունների այն հայտարարություններին, որ ընդդիմությունն իր հայտարարություններով վտանգում է գերիների կյանքը, Էդմոն Մարուքյանը նկատեց՝ չպետք է լռել, պետք է աղաղակել, անհրաժեշտ է ամբողջ միջազգային հանրությանը կոնսոլիդացնել խնդրի շուրջ, ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա: Հակառակ պարագայում ստացվում է, որ Հայաստանը կրել է պարտություն, ստորագրել է խայտառակ փաստաթուղթ, իրացնում է այնտեղ ներառված բոլոր կետերը, սակայն չի կարողանում իրացնել ռազմագերիներին վերաբերող կետը:
«Այս ամենը որևէ ճշտի մեջ չի տեղավորվում, որովհետև Ադրբեջանը հումանիտար իրավունքի, պատերազմի կանոններով սխալ է, բոլոր կանոններով սխալ է: Հիմա մենք այս սխալները տեսնելով՝ լռե՞նք, կարծում եմ՝ պետք է ՌԴ-ի և Հայաստանի ջանքերին միանան Ֆրանսիան, ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, և ԵՄ-ն»,- հավելեց Էդմոն Մարուքյանը: