«Այո, նախկինում չենք ունեցել նման քանակությամբ գերիների վերադարձ». Նազելի Բաղդասարյանը հաստատում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսօր խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ըստ պատգամավորի՝ այսօր տեսնում են խնդիր և լուծման իրենց տեսլականն են առաջարկել:

«Որպեսզի այդ խնդիրը վերջնական լուծվի, պետք է ըմբռնում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հանգուցալուծելու են խնդիրը: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն՝ լինելով խորհրդարանական ուժեր, ներկայացնում են մեր հանրության որոշ հատվածի, հետևաբար՝ ինքնանպատակ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն, որ լուծելու են այդ խնդիրը, պետք է լինի ըմբռնում, և հուշագրի ստորագրումը պետք է դրա վկայությունը լինի»,- նշեց Սուրեն Գրիգորյանը:

Նա նշեց, արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը որոշակի դատողություններ է արել՝ ասելով, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը չի ցանկանում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և այդ հարցի շուրջ չունեն համաձայնություն, ըստ էության փաստում են, որ ներկայիս իշխանությունը լեգիտիմ է:

«Եթե վիճարկում են իշխանության լեգիտիմությունը, ապա այն ստուգելու համար գոյություն ունի մեկ մեխանիզմ՝ արտահերթ ընտրություններ»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ թեմայի վերաբերյալ նշեց, որ իշխանությունն ունի հետևյալ մոտեցումը, որ խնդիրը լուծելու է ժողովուրդը՝ չեն լուծելու առանձին մարդիկ, առանձին սենյակներում՝ պայմանավորվածությունների արդյունքում:

«ՀՀ քաղաքացին է լուծելու խնդիրը՝ իր քվեի միջոցով, մեր իշխանությունը այդ իրավունքից քաղաքացիներին որևէ պարագայում չի զրկի: Հիմա մեզ ասում են՝ կա խնդիր, հիմա եթե ընդունենք, որ կա խնդիր, եկեք ստորագրենք այդ հուշագիրը և գնանք արտահերթ ընտրությունների»,- ընդգծեց պատգամավորը:

Պատգամավորները նաև անդրադարձան Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում արած այն հայտարարությանը, որ նախկինում Ադրբեջանից երբեք այս ծավալի գերիներ չեն վերադարձվել Հայաստան, քան նոյեմբերի 9-ից հետո:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշեց, որ  իրականում, ինչպես Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բոլոր մտքերը, այնպես էլ այդ միտքը փորձում են համեմել այլ երանգներով:

«Այո, նախկինում չենք ունեցել նման քանակությամբ գերիներ վերադարձ, տրամաբանական է, որ այստեղ խոսքը գնում էր ոչ թե ծավալների մասին, այլ  գործընթացի շարունակականության մասին: Այստեղ ընդդիմությունն ասում է, որ գերիների վերադարձի հետ կապված գործընթաց չի ծավալվում, սա է շեշտադրում, որ այո, այս ծավալի գերիների վերադարձ չի եղել»,- ընդգծեց նա:

Ներկա իշխանական պատգամավորներից որևէ մեկն այդպես էլ որևէ օրինակ չբերեց իրենց այն հայտարարությունների հետ կապված, թե ընդդիմադիրների հայտարարությունները վտանգում և խանգարում են գերության մեջ գտնվող անձանց: Նրանք չկարողացան ասել, թե ընդդիմադիրների կոնկրետ ո՞ր հայտարարությունն  է վտանգում նրանց կյանքը:

Տեսանյութեր

Լրահոս