
Կհրապարակվեն «ՌեԱնիմանիա» 2020-ի մրցանակակիրների անունները

Երևանի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը հունվարի 27-ին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում հատուկ միջոցառում կիրականացնի: Երեկոյին տեղի կունենա 2020 թվականի փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, մանրամասներ կներկայացվեն 2021 թվականի փառատոնի ծրագրերի վերաբերյալ, կկազմակերպվի Վրեժ Քասունու երգիծանկարների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կփոխանցվի բարեգործական ծրագրերի:
Նույն օրը կցուցադրվի գերմանացի երգիծանկարիչ Ռեյնհարդ Կլայսթի և հայկական FIX (Freedom is Expensive) խմբի համատեղ համերգ-պերֆորմանսը:
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնը 2020-ին անցկացվել է առցանց եղանակով։ Փառատոնի շրջանակում REA-ON հարթակում կազմակերպվել են առցանց աշխատարաններ, որոնցում հանդես են եկել կինոոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք իրենց հարուստ փորձն են փոխանցել մասնակիցներին և հնարավորություն ընձեռել հարստացնել գիտելիքներն ու ծանոթանալ արտերկրի կինոգործիչների փորձին։