«Վարչապետը չպետք է պայման դնի՝ հրաժարական տալու է, թող տա». Միքայել Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի խոսքով՝ ԲՀԿ-ի և 17 ուժերի միջև որևէ տարաձայնություն չկա: Այդ քաղաքական ուժերը տարվա սկզբին հստակ հայտարարել են, որ մեկնարկելու է մարզային այցելությունները, որից հետո հեռագա անելիքների մասին կրկին կհրապարակվի:

«ԲՀԿ-ն խորհրդարանական ամենամեծ երկրորդ ընդդիմադիր խմբակցությունն է և, բնականաբար, որպես խորհրդարանական ուժ՝ իր գործունեությունը ծավալելու է նաև խորհրդարանում: Օգտագործելու ենք բոլոր այն գործիքակազմը, որը մեզ հասանելի է, որպեսզի հասնենք մեր նպատակին, իսկ այդ նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է անցնցում հրաժարական տա և հեռանա, որից հետո ՀՀ-ին հնարավորություն պետք է տրվի կայունացնել իրավիճակը և շտկել մեր կոտրված մեջքը»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց Շաքե Իսայանը:

Նա ընդգծեց, որ, եթե ԲՀԿ-ի օրակարգում որևէ փոփոխություն լինի, ապա որևէ կաշկանդվածություն չունեն, բոլորին այդ մասին կիրազեկեն:

Նա նաև վստահեցրեց, որ, հաշվի առնելով իրենց զբաղվածությունը՝ վերջին շրջանում Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելություններին մասնակցում են ԲՀԿ-ի մարզային կառույցների ներկայացուցիչները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ նշեց, որ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները վաղուց պետք է հրաժարական ներկայացնեին և հեռանային:

«Եթե այս իշխանությունը մնում է, ապա երկիրը շարունակում է գահավիժել տոտալ անդունդ՝ բոլոր առումներով, համալիր կոլապսը շարունակվում է, սա նշանակում է, որ պետք է լինի հստակ գործողություն: Այդ փոփոխությունը մեր սահմանադրությամբ լինում է այսպես՝ վարչապետը հրաժարական է տալիս, երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանն ընտրում է նոր վարչապետ, եթե չի ընտրում նոր վարչապետ, ապա ինքնալուծարվում է, ինչը նշանակում է՝ խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ: Մենք մտածում ենք, որ այս պահին նոր ընտրությունները կարող են երկիրը տանել նոր չնախատեսված վատ վիճակի: Դրա համար մենք ասում ենք, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և գնանք նոր ընտրությունների: Վարչապետը չպետք է պայման դնի՝ հրաժարական տալու է, թող տա»,- շեշտեց Միքայել Մելքումյանը:

Տեսանյութեր

Լրահոս