«Վարչապետը մանիպուլյացիաներ անելու գործում իրեն հավասարը չունի». Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ նախորդ շաբաթ այցելել են Սյունիքի մարզ, մասնավորապես, եղել են Որոտանում, Շուռնուխում, որտեղ, նրանց խոսքով՝ սահմանազատման արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Այն տների բնակիչները, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, մնացել են առանց օթևանի:
«Շուռնուխի այն 12 տները, որոնք տարհանվել են, գտնվում են ճանապարհի ձախ հատվածում: Մենք Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ նրանց սոցիալական աջակցություն էինք տարել, քանի որ այդ մարդկանց մի մասը գտնվում է տնակներում, նորմալ պայմաններ չկան, ձմեռը պետք է հանեն: Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մենք այդ հարցը շատ հստակ դրել ենք, որ Սյունիքը վտանգված է, փաստորեն, ճանապարհի մի մասն Ադրբեջանի հսկողության տակ է, մտնում ես այդ ճանապարհով, հետո դուրս ես գալիս մեր ճանապարհ, անմիջապես կրակի տակ են»,- այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Շուշին ունեցել է 90 տոկոս ադրբեջանցի բնակչություն, հետևաբար՝ այդ կարգավիճակով ինչպե՞ս են Շուշին համարում հայկական:
Ըստ Իվետա Տոնոյանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ հարցի կոնկրետ պատասխան չտրվեց:
«Իհարկե, հասկանում եմ, որ վարչապետը մանիպուլյացիաներ անելու գործում իրեն հավասարը չունի, երեկ մենք ևս մեկ անգամ ականատես եղանք այդ գործելաոճին: Մեր հարցերին կոնկրետ պատասխան տալու փոխարեն՝ վարչապետը որդեգրել էր մեղադրանքներ հնչեցնելու գործելաոճը, և իրենց տարած խայտառակ պարտության պատասխանատվությունը դնել բոլորի վրա: Վարչապետը նշեց, որ առանց հողային պակաս կորուստների՝ հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել, որևէ անդրադարձ չկատարելով, թե արդյո՞ք հնարավոր չէր առանց նվազ մարդկային կորուստների պատերազմը կանգնեցնել»,- շեշտեց Իվետա Տոնոյանը:
Պատգամավորի խոսքով՝ այսօր խոսվում է 5000-ից ավելի զոհի մասին, որոնց մասով վերջնական թիվ չկա, տասնյակ երիտասարդներ հաշմանդամություն են ձեռք բերել, հազարավոր մարդիկ կորցրել են իրենց բնակարանները, իսկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոսում է Շուշիի ադրբեջանամետ խոսույթին համապատասխան եզրույթներով:
«Կարծում եմ՝ այլևս տարօրինակ չէ իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի այս տրամաբանությունը, որովհետև եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր, ապա չեմ կարծում, որ որևէ այլ լուրջ ակնկալիքներ ունենայինք այս իշխանություններից և Նիկոլ Փաշինյանից՝ Շուշիի և Արցախի հետ կապված, հատկապես այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ Արցախը Հայաստա՞ն է, և վե՞րջ»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը: