«Պատրաստվում եմ իմ ստացած կրթությունը, փորձն ամբողջությամբ և մի բան էլ ավել ներդնել Շիրակի մարզի զարգացման հիմքում». Շիրակի նոր մարզպետ Հովհաննես Հարությունյան
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց նաև Շիրակի արդեն նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի ազատման դիմումը: Մեկ այլ հարցով էլ կառավարությունը հաստատեց Շիրակի նոր մարզպետի ներկայացված թեկնածուին: Պաշտոնը ստանձնեց առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:
33-ամյա Հարությունյանը մասնագիտությամբ վիրաբույժ է, 2019թ. ապրիլի 26-ից մինչև հոկտեմբերի 15-ը զբաղեցրել էր առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:
Կառավարության նիստում Հարությունյանը հայտնեց, որ հիմնական կրթությունը ստացել է ՌԴ-ում, այնտեղ աշխատել է՝ որպես բժիշկ-վիրաբույժ, ապա վերապատրաստվել՝ որպես առողջապահության կազմակերպիչ, տեղափոխվել Հայաստան ու ստանձնել Շիրակի մարզի Բեռլին պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը: Հարությունյանը 2018թ.-ից ստանձնել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը՝ պոլիկլինիկական ծառայության գծով, ապա՝ առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը:
«Ունեմ պետական կառավարման համակարգում փորձ և պատրաստվում եմ իմ ստացած կրթությունը, փորձն ամբողջությամբ և մի բան էլ ավել ներդնել Շիրակի մարզի զարգացման հիմքում»,- ասաց Հովհաննես Հարությունյանը:
Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ Հովհաննես Հարությունյանի հայրը՝ Ավետիք Հարությունյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ուներ «Հայաստան համահայկական հիմնադրամին» առնչվող քրգործով, քրեական հետապնդումից ազատվել է հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ կեղծ ցուցմունք տալով: Նշվում է նաև, որ Արա Վարդանյանի դեմ ցուցմունք տված միակ անձը հենց Հովհաննես Հարությունյանի հայրն է:
«Եվ հիմա, որպես իր ծառայության դիմաց փոխհատուցում, Ավետիք Հարությունյանը մարզպետի պաշտոն է «վաստակել» որդու համար»,- նշված է շրջանառվող տեղեկության մեջ։
Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանի՝ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատման դիմումի մասին լուրը մամուլում հայտնվեց հունվարի 15-ին:
Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանն էլ լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, թե Պետրոսյանն իր հրաժարականի մասին լրագրողների հետ կխոսի ՀՀ կառավարության կողմից իր պաշտոնից ազատման որոշումը հաստատվելուց հետո: