Արցախում երկարաձգվել են հաշմանդամ ճանաչվածների վերափորձաքննության ժամկետները
Արցախում երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց՝ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։
«Մասնավորապես, եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020 թվականի ապրիլի 15-ից մինչև՝ 2021 թվականի մարտի 1-ը, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետ է համարվում 2021 թվականի ապրիլի 15-ը։ Նշված անձանց կենսաթոշակները և դրամական այլ հատուցումները կշարունակվեն վճարվել՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի՝ մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը տված վարչական ակտի համաձայն: Ըստ այդմ՝ վճարումները կիրականացվեն նշված հաշմանդամության խմբի («հաշմանդամ երեխա» կարգավիճակի) համար հաշվարկված չափերով»,- հայտնել են նախարարությունից՝ նշելով, որ վերափորձաքննության ժամկետները երկարաձգելը պայմանավորված է 2020թ.-ի պատերազմական գործողություններով և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործունեության կասեցմամբ: