Եվրոպացի պատգամավորների Արցախ այցելելու նախաձեռնությունը կշարունակվի. Հայ դատի գրասենյակի անելիքները
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի 2021 թվականի աշխատանքներում Արցախի հարցը լինելու է առաջնահերթ ու առանցքային: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ուշադրության կենտրոնում է լինելու ռազմագերիների հարցը, մարդասիրական օգնությունը շարունակելու են ուղարկել Հայաստան ու Արցախ, քաղաքական հարթությունում ԵՄ-ից պահանջելու են խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, շարունակելու են բարձրաձայնել պատերազմական հանցագործությունների, փախստականների մասին: Հայ դատի գրասենյակն անհրաժեշտություն է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Արցախի կարգավիճակի հարցի լուծումը՝ հարգելով Արցախի բնակիչների ազատ ինքնորոշման իրավունքը:
«Եղած փաստերը վկայում են, որ այս ամենն ավելի բարդացրեց արցախյան հիմնախնդրի լուծումը: Դատապարտելի է Ադրբեջանի վարքագիծը, տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը, որը վերաբերում է գերիների վերադարձին, փաստորեն, միայն հայկական կողմն է կատարում: Ադրբեջանը միակ կետով, որ անելիք ունի, չի կատարում: Մենք կարծում ենք, որ հունվարի 11-ի հայտարարությունն էլ (տարածաշրջանային իրավիճակի զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը- խմբ.) անհասկանալիորեն ստորագրվեց, դա այն դեպքում, երբ առաջընթաց չունեցանք գերիների հարցում»,-ասաց Հարութ Շիրինյանը: Նրա խոսքով, Հայ դատի գրասենյակը հարկավոր է համարում, որ Եվրամիությունը, Ֆրանսիան, որպես համանախագահ երկիր, մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններն ավելի աշխույժ լինեն այս հարցում: Հարութ Շիրինյանը տեղեկացրեց, որ այս հարցն ակտիվացնելու գործում համագործակցում են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների հետ, որպեսզի համապատասխան թղթածրարներ ուղարկեն եվրոպական քաղաքական ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին, որպեսզի մասնակցեն հարցի կարգավորմանը, ակտիվ լինեն:
«Ժամանակն է ակտիվանալ, բոլոր ջանքերը գործադրել ԵՄ-ում, որպեսզի այն, որպես կառույց խաղա իր դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,-ասաց Հարութ Շիրինյանը:
Եվրոպայի Հայ դատի գրասենյակը դատապարտելի է համարում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը վնասելու քայլերը: Դատապարտելի է նաև միջազգային կազմակերպությունների առջև խոչընդոտներ դնելու Ադրբեջանի ջանքերը: Նա ընդգծեց, որ այս հարցը պետք է բերվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգ ու աշխատանք տարվի, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի, համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ունենան հատուկ կարգավիճակ՝ վերահսկելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման գործընթացը:
Հայ դատի գրասենյակի մեկ այլ կարևոր նախաձեռնություններից է եվրոպացի գործիչների, պատգամավորների, լրագրողների այցի կազմակերպումը Հայաստան և Արցախ: Դա արվել է ինչպես մինչ վերջին պատերազմը, այնպես էլ պատերազմի ընթացքում: Հարութ Շիրինյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությունն ունենալու է շարունակություն: Նախատեսվում է փետրվարին կազմակերպել եվրոպացի պատգամավորների խմբի այց դեպի Հայաստան ու Արցախ: Նպատակն այն է, որ եվրոպացիները տեղում իրենց աչքերով տեսնեն թե ինչ է կատարվել: