ԵԽ-ն Հունգարիային չի խանգարի պատվաստանյութեր օգտագործել Ռուսաստանից և ՉԺՀ-ից
Եվրախորհուրդը մտադիր չէ միջամտել կորոնավիրուսի դեմ չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութեր օգտագործելու հարցում Հունգարիայի մտադրությանը, քանի որ այն գտնվում է Հունգարիայի կառավարության իրավասության մեջ: Այդ մասին հայտնել է ԵԽ-ի մի պաշտոնյա:
«Որոշումն ընդունվել է Հունգարիայի կառավարության կողմից, որը նաեւ ստանձնում է ռիսկերը, որոնք կապված են այդ որոշման հետ»,-հունվարի 20-ին Բրյուսելում լրագրողներին ասել է եվրոպացի բարձրաստիճան աղբյուրը՝ անունը չհայտնելու պայմանով: Նա պատասխանել է այն հարցին, թե Եվրախորհուրդը, որը հունվարի 21-ին կազմակերպելու է համավարակի դեմ պայքարին նվիրված պետությունների ու կառավարությունների ղեկավարների հերթական տեմախորհրդաժողովը, Հունգարիայից բացատրություններ կպահանջի արդյոք երկրում չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութեր օգտագործելու նրա որոշման վերաբերյալ:
«Մենք կտեսնենք, թե հետագայում ինչպիսին կլինեն այդ որոշման հետեւանքները: Մենք չպետք է դատենք կամ որոշենք, թե այն լավն է, թե վատ»,-շարունակել է ԵԽ-ի պաշտոնյան: Դրա հետ մեկտեղ նա հաջողություն է համարել ԵՄ-ի երկրների համատեղ պայմանավորվածությունն «աշխարհում ամենաարդյունավետ» արեւմտյան պատվաստանյութերի շուրջ, որոնք հաջողվել է մշակել ամենակարճ ժամկետներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: