ԱՀԿ-ն ռեկորդային մահացություն է գրանցել COVID-19-ից
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ռեկորդային 93 հազար մահ է գրանցվել կորոնավիրուսից: Այդ մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Հունվարի 17-ի դրությամբ աշխարհում հայտնաբերել են COVID-19-ով հիվանդացության ավելի քան 93 միլիոն դեպք: Անցած շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 4,7 միլիոնով: Վարակից մահացածների թիվը գերազանցել է երկու միլիոնը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը հանրագումարի է բերում դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրներ տվյալները, ամենամեծ թվով՝ 24,4 միլիոն հիվանդացածներ, գրանցել են ԱՄՆ-ում: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ գրանցվել է հիվանդության 10,5 միլիոն դեպք, եռյակը եզրափակում է Բրազիլիան, որտեղ հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 8,5 միլիոն դեպք: Ռուսաստանում, օպերատիվ շտաբի տվյալներով, հայտնաբերվել է COVID-19-ով հիվանդացության 3,612 միլիոն դեպք, 3,002 միլիոն մարդ ապաքինվել է, 66 հազար 623-ը՝ մահացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: