Ինչո՞ւ Դուք չեք պատասխանում Ալիևին, ինչո՞ւ չի հնչում ավելի հուժկու պատասխան անձամբ Ձեր կողմից.  Պատգամավորը՝ Փաշինյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ սփյուռքի մեր հայրենակիցների պահանջով դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով.

«Բազմիցս առիթներ եմ ունեցել շփվել մեր հայրենակիցների հետ, լսել նրանց մտահոգությունները, ցավալի հարցերից մեկն էլ հետևյալն էր ՝ Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչել են վիրավորական հայտարարություններ, անգամ սպառնալիքներ հայերի, Հայաստանի և անձամբ, պարոն վարչապետ, Ձեր հասցեին, որին ի պատասխան՝ Ձեր կողմից եղել է միայն լռություն:

Մեր հայրենակիցները պնդում են, որ դրանով նրանց արժանապատվությունն է վիրավորվում, մարդիկ առանց այն էլ գլուխները կախ են քայլում օտարության մեջ. նրանց մի հարց է հուզում՝ ինչո՞ւ  Դուք չեք պատասխանում Ալիևին, ինչո՞ւ չի հնչում ավելի հուժկու պատասխան՝ անձամբ Ձեր կողմից»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կա մի ոսկե կանոն, երբ որևէ իրավիճակում տեղի է ունենում պատանդառություն, և որևէ տեղ դու ունես պատանդ, և այդ պատանդ պահած անձը կամ կողմն ինչ-որ բան է արտահայտում, առաջին ռեակցիան հետևյալն է՝ այնպիսի վարքագիծ դրսևորել, որ քո պատանդների  անվտանգությունը կասկածի տակ չդրվի:

Այսօր մենք անձնական հարթության անձնական հարց չենք քննարկում, և մենք այսօր խոսում ենք գերիների վերադարձի մասին, բայց նույնքան կարևոր է, որպեսզի մենք կարողանանք վերադարձից առաջ ապահովել մեր գերիների անվտանգությունը՝ այնքանով, ինչքանով հնարավոր է ստեղծված պայմաններում:

Ինչ վերաբերում է քաղաքական, դիվանագիտական հատվածին, ապա այդ հատվածներով անհրաժեշտ պատասխանները, անհրաժեշտ տեղում և անհրաժեշտ ձևով, հնչել են»:

 

Տեսանյութեր

Լրահոս