Ասում էիք` եղել են դավաճաններ, ինչո՞ւ չկան այդ դավաճանների անունները. Հրանտ Մադաթյանը՝ Փաշինյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու մինչ այսօր չկան Փաշինյանի կողմից ավելի վաղ իր ելույթներում հնչեցրած դավաճանների, հայրենիք ծախածների ու թերացած պատասխանատուների անունները:

«Դուք Ձեր ելույթներում ասել եք՝ եղել են դավաճաններ, դավաճանական քայլել, հայրենիքը ծախածներ և թերացած պատասխանատուներ… Ինչո՞ւ մինչ հիմա չկան այդ դավաճանների անունները, այդ հայրենիքը ծախածների անունները, այդ պոստերում թերացած մարդկանց անունները, և ինչո՞ւ մինչև հիմա նրանք պատասխանատվության առաջ կանգնած չեն»,- ասաց Հրանտ Մադաթյանը:

Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելուն ուղղված ժամանակի կեսը նվիրեց խնդրանքին, որ իր արած հայտարարություններն ուղղակի մեջբերեն, որ ճիշտ պատասխանի:

«Ես մի խնդրանք ունեմ․ ընդհանրապես, երբ հղում է արվում իմ՝ նախկինում արված հայտարարություններին, ես կխնդրեմ ուղղակի մեջբերվեն, որպեսզի մենք ճիշտ հարց ունենանք, որին կստանանք ճիշտ պատասխաններ, որովհետև երբեմն մեջբերումները ճշգրիտ չեն, և էսպես ուղղակի ֆոնային ձևակերպումներ են արվում, որոնք պարտադիր չի, որ սխալ լինեն, բայց պարտադիր չի՝ 100%-ով համապատասխանեն հայտարարության բովանդակությանը: Էդ առումով կարծում եմ, որ, եթե հարցը հիմնված է իմ որևէ արած հայտարարության վրա, այդ հայտարարությունը մեջբերվի, որպեսզի մենք ճիշտ հասկանանք իրավիճակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո նոր անդրադարձավ հենց հարցին:

«Իսկ կարող եմ ասել, որ պատերազմի հետ կապված, ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, 1300-ի կարգի քրեական գործ կա, և այդ քրեական գործերը ընթանում է նախաքննություն: Այո, գուցե տեմպերը, միայն դուք չեք այդ հարցը բարձրացնում, էդ հարցը կա, գոյություն ունի, և, իհարկե, պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ»,- նշեց նա:

Հրանտ Մադաթյանի դիտարկմանը, թե դավաճանների մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է հոկտեմբերի 8-ին, իսկ հայրենիքը ծախածների մասին խոսել է նոյեմբերի 10-ին, ժամը 00:18 րոպեին, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Շատ լավ, իհարկե, իմ արած հայտարարությունների մի մասի վերաբերյալ կան կամ այդ պահին եղել են քրեական գործեր, և էլի հույս ունեմ, ոչ թե հույս ունեմ, այլ համոզված եմ, որ քրեական գործերը կտան կոնկրետ հարցերի պատասխաններ: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ, այո՛, հայտարարությունների մեջ կարող են լինել նաև քաղաքական գնահատականներ, և այդ քաղաքական գնահատականները նույնպես հետաքննվելու անհրաժեշտություն ունեն, և գուցե թե հետաքննվում են, և գուցե թե դրանցով նաև տեղի են ունենում դատավարություններ կամ տեղի կունենան դատավարություններ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս