Պարո՛ն վարչապետ, այս բոլոր խնդիրների առկայության պայմաններում ո՞վ և ինչի՞ հիման վրա է որոշել երկրի շահի առկայությունը տվյալ դեպքում. Արկադի Խաչատրյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման մասին։

Պատգամավորը նշեց, որ հաճախ է շրջանառվում այն թեզը, և այն առավելապես
իշխանական շրջանակներից է հնչում, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի շահերից է բխում, մինչդեռ խնդիրն ունի մի քանի կողմ՝ քաղաքական, իրավական և տնտեսական.

«Քաղաքական առումով պետք է փաստենք, որ հակահայկական և թշնամական հռետորաբանությունն Ադրբեջանի կողմից չի փոխվել. հայերի նկատմամբ էթնիկ զտումների նամականիշների տպագրությունը, մեր ժողովրդի հասցեին հնչող ահաբեկող սպառնալիքի հռետորաբանությունը, մատ թափ տալը, Թուրքիայի հետ զորավարժությունների իրականացումը պատերազմից անմիջապես հետո, բազմաթիվ անվտանգային հարցերը, գերիների վերադարձի հարցը, և այլն:

Իրավական առումով՝ ցանկացած տնտեսական համագործակցություն իրականացվում է որոշակի պայմանագրային, իրավական հիմքի վրա, որը ևս առկա չէ:

Տնտեսական առումով՝ ցանկացած տրանսպորտային ենթակառուցվածքի շահավետությունը պետք է որոշվի ֆինանսատնտեսական հիմնավորման հիման վրա, պետք է ձևավորվի լոգիստիկա, իրականացվի հաշվարկ, տրանզիտի ենթակառուցվածքից օգտվելու վճարի սահմանում: Կարևոր է նաև տրանզիտային ուղու երկարությունը, ծախսված ժամանակը, բեռնափոխադրումների միավորի արժեքը, իսկ առևտրատնտեսական հարաբերությունների դեպքում, առհասարակ, կարևոր է ապահովել երկրի տնտեսական անվտանգությունը:

Կարծում եմ՝ եթե որևէ մեկը խոսում է հնարավորությունների մասին, անպայմանորեն պետք է խոսի ռիսկերի և անորոշությունների մասին, և ակնհայտ է, որ այս հաղորդակցությունների վերականգնումը Թուրքիայի և Ադրբեջանի շահերից է»:

«Պարո՛ն վարչապետ, այս բոլոր խնդիրների առկայության պայմաններում ո՞վ և ինչի՞ հիման վրա է որոշել երկրի շահի առկայությունը տվյալ դեպքում»,- դիմեց նա վարչապետին, սակայն պատասխանողը վարչապետը չեղավ, այլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նկատենք՝ հարցուպատասխանի ընթացքում սա ամենևին էլ միակ հարցը չէր, որ վարչապետի կողմից չարժանացավ պատասխանի. Ազգային ժողովում իր ելույթներով «փայլող» Նիկոլ Փաշինյանի կողմից այս լռությունը, ինչ խոսք, փոքր-ինչ տարօրինակ էր:

Մհեր Գրիգորյանն իր պատասխանում նկատեց, որ Արկադի Խաչատրյանի թվարկումները միանգամայն ճիշտ են, և, որ՝ թե՛ տնտեսական, թե՛ տրանսպորտային ապաբլոկավորման պարագայում չկա որևիցե բաղադրիչ, որը հաշվի չպետք է առնվի, այդուհանդերձ նշեց.

«Այնուամենայնիվ, որպեսզի մենք այդ ճանապարհով գնանք, պետք է ձևավորվի հարթակ, որտեղ պետք է այդ հարցերը քննարկվեն, իմպուլսներ ստացվեն, այդ իմպուլսների հակաիմպուլսներ ձևավորվեն, որպեսզի, ի վերջո, հնարավոր լինի ապաբլոկավորել տնտեսությունը և տրանսպորտային ապաբլոկավորման խնդիրը լուծել:

Ես անձամբ կարծում եմ՝ այո՛, այդ խնդիրը պետք է լուծվի, որովհետև հակառակ դեպքում՝ իր չլուծելը մեզ ավելի անվտանգային իրավիճում է հայտնեցնում, քան այդ խնդրի լուծումը, որովհետև այդ խնդրի ճիշտ լուծումն ինքնին անվտանգության երաշխիք կարող է լինել:

Դա ինչի վրա և ինչպես կանդրադառնա՝ ես կարծում եմ ՝ կարգավորումների խնդիր է: Այո՛, և՛ իրավական, և՛ տնտեսական վերլուծությունների, և՛ SWOT անալիզի խնդիր կա, և՛ ռիսկերի գնահատման խնդիր կա, բայց այդ խնդիրները պետք է քննարկել»:

Նա հավելեց, որ այս պահին դեռևս քննարկումների փուլը չի սկսվել. «Երևի դուք տեղյակ եք, որ ամսվա վերջ լինելու է առաջին հանդիպումը, որի ընթացքում նոր պարզ կլինի այդ քննարկումների ընթացքի ռեգլամենտը»:

Նկատենք՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից գլխավորելու է հենց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Մոսկվայում հունվարի 11-ին կայացած՝ հայտնի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն: Հայտարարության առաջին կետով մասնավորապես նշվել է՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը: Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Տեսանյութեր

Լրահոս