«Սուպերլիգայում կլինի 18 թիմ»․ Լապորտա
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան խոսել է ակումբի հնարավոր մասնակցության մասին Եվրոպական Սուպերլիգայի նախագծին:
«Ծրագիրն ունի իր թերությունները: Այս լիգան կփակվի միայն առաջին երեք տարիներին: Կարծում եմ ՝ կլինի 18 թիմ, նրանք կստանան 800 միլիոն եվրո: Ազգային առաջնություններն այլևս այդքան հետաքրքիր չեն լինի: Ես պետք է մանրամասն բացատրություն ստանամ, նախքան որոշում կկայացնեմ Սուպերլիգայում մրցելույթների մասին»,- ասել է Լապորտան:
Հիշեցնենք, որ WikiLeaks- ի ֆուտբոլային տարբերակը՝ Football Leaks-ը, 2018 թվականին բացահայտել էր, որ մի շարք հայտնի ֆուտբոլային ակումբներ ցանկանում են դուրս գալ ՈՒԵՖԱ-ից և ստեղծել իրենց Սուպերլիգան: Ըստ նախագծի՝ 2021 թվականից Չեմպիոնների լիգան այլևս չի լինի: Դրա փոխարեն՝ Եվրոպայի առաջատար 11 ակումբները կանցկացնեն իրենց մրցաշարը: Նշվում է, որ նոր լիգայում կլինի 16 ակումբներ, որոնցից 11-ն առնվազն 20 տարի կմնան պայքարում և չեն լքի մրցաշարը: Եվս 5 ակումբներ կհրավիրվեն՝ որպես հյուր: 11 ակումբների թվում են այնպիսի գրանդ ակումբներ, ինչպիսիք են «Բավարիան», «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենթուսը», «Արսենալը», ՊՍԺ-ն, «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Միլանը»:
Առաջին «հյուրերը» կլինեն «Ատլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան», «Ինտերը», «Մարսելը» և «Ռոման»:
Փաստաթղթի ստորագրումը պետք է լիներ 2018 թվականի նոյեմբերին:
Սիրարփի Աղաբաբյան