Բաժիններ՝

«Լուծումը երկրի նոր անվտանգային ռազմավարության մշակման մեջ պետք է լինի»․ Արկադի Խաչատրյան

«Բոլորս համաձայն ենք, որ հանրության մոտ կան հարցեր՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի  արդյունավետության հետ: Սա է նպատակը եղել, որ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են, կարծում եմ՝ հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտելուն պես իր գնահատականների և եզրահանգումների մասին կհնչեցնի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովին:
Ըստ նրա, հարյուրավոր հարցեր կան՝  կապված համավարակի տարածման, կանխարգելման, բուժման արդյունավետության, մարդու իրավունքների սահմանափակման  և այլնի հետ: Հետևաբար՝ այդ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո միայն հանձնաժողովը կկարողանա եզրահանգումներ անել:

«Մենք տեսնում ենք, որ սա գլոբալ խնդիր է, որին բախվել են շատ երկրներ, խնդիրը դրա չափի և աստիճանի մեջ է, նաև հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության: Ուսումնասիրության առարկա պետք է դառնան այն սուբյեկտիվ հարցերը, որի դեպքում մենք կկարողանայինք ավելի արդյունավետ գործել»,- հավելեց նա:

Անդրադառնալով ընդհանուր տնտեսական վիճակին՝, Արկադի Խաչատրյանն ասաց, որ ակնհայտ է՝ տնտեսական ճգնաժամը բավականին խորն է, և այն պայմանավորված է մեծամասամբ հետպատերազմյան իրադարձությամբ:

«Պետության համար սոցիալական բեռը, իհարկե, մեծացել է, սա էր պատճառը, որ մենք պնդում ենք, որ 2021 թվականի բյուջեն պետք է վերանայվի և առհասարակ նոր նախագիծ պետք է ներկայացվի: Այդ պատճառով էլ մենք դեմ քվեարկեցինք այդ նախագծին: Խնդիրները շատ են, լուծումը երկրի նոր անվտանգային ռազմավարության մշակման մեջ պետք է լինի, որը կնախատեսի՝ ինչպես ՀՀ պաշտպանության ռազմավարությունը, այնպես էլ՝  տնտեսական բաղադրիչը: Լուծումը տնտեսության արդիականացումն է և որակական շեշտադրումները, տեխնոլոգիական վերազինումը, կրթական համակարգի բարելավումը: Երկու ամիս է անցել, կարծում եմ՝ կառավարությունը շատ լուրջ քայլեր պետք է կատարեր ռազմավարության մշակման համար, սակայն այդ ամենը նաև ածանցյալ է անվտանգային խնդիրներից, և թիվ մեկ հարցը, որն այսօր մեր հանրությանը հուզում է, գերիների հարցն է: Առանց քաղաքական կայուն միջավայրի՝ հնարավոր չէ գլոբալ հարցեր լուծել»,- շեշտեց նա:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ այսօր երկրի թիվ մեկ խնդիրն ընդդիմադիրներն են, Արկադի Խաչատրյանն ասաց, որ իշխանությունները հաճախ են նման հայտարարություններ անում, սակայն բոլորն էլ հասկանում են, որ ընդդիմությունը կատարում է իր գործը և չի կարող լինել երկրի թիվ մեկ խնդիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս