«Աննա Հակոբյանը պետական գաղտնիքի կրող է. ո՞վ է նրան թույլ տվել ռազմական դրության ժամանակ լքել երկիրը». Զարուհի Փոստանջյան
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի անցած շաբաթ հրապարակած փաստաթղթին, որի համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիսանում է կրկնակի գործակալ, սկզբում՝ Թուրքիայի, ապա նաև՝ Հայաստանի, ասաց.
«Ես և «Ժառանգություն» խմբակցությունը ժամանակին բազմիցս հանդես ենք եկել առաջարկությամբ, որ ընդունենք գաղտնազերծման մասին օրենսդրություն, և այդ օրենսդրությունը որոշ չափով հնարավորություն կընձեռեր մեզ՝ բացառել գործակալների այսպիսի հոսքը դեպի կառավարման մարմիններ՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանություն, այլ մարմիններ նույնպես, քանի որ այս մարդիկ մեր պետության համար մեծ վտանգ են ներկայացնում: Նրանց մուտքը որոշում կայացնող մարմիններ, նշանակում է՝ պետության կործանում, ինչն էլ եղավ: Ցավում եմ, որ այդ նախագիծը չարժանացավ հավանության, նույնիսկ ծաղրի ենթարկվեց ոմանց կողմից»,- ասաց Փոստանջյանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը հիշեց, որ ՀՀԿ պատգամավորներն այն ժամանակ միջանցքներում իրեն հարցնում էին, թե չի վախենո՞ւմ, որ հանկարծ պարզվի, թե իր բարեկամներից մեկն օտարերկրյա գործակալ է, ինչին ինքը բացասական պատասխան է տվել: Փոստանջյանը կարծում է՝ այն մարդիկ, որոնք նպաստել էին, որ Արարատ Միրզոյանը մտնի ԱԺ, պարտավոր էին իմանալ նրա գործակալ լինելու մասին:
«2017 թ.-ին, երբ առաջին անգամ Արարատ Միրզոյանը մուտք գործեց բարձրաստիճան պետական կառավարման գոտի՝ ԱԺ, նրա մուտքն ապահովողները, իհարկե, պետք է իմանային, որ նա օտարերկրյա գործակալ է: ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող մարդիկ ունեն պարտավորություն, որ չպետք է բարձրաձայնեն, հայտնեն, փոխանցեն պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն: Կան փաստաթղթեր, որոնք համարվում են պետական գաղտնիք՝ բյուջեի, ռազմական ծախսերի վերաբերյալ, պատկերացնո՞ւմ եք, թե տեղեկատվության տիրապետողներն ինչ հոսք են ներմուծել ԱԺ»,- ասաց Փոստանջյանը:
Նա նշեց, որ չնայած Միրզոյանի հասցեին հնչած մեղադրանքը դեռևս ապացուցված չէ, քննություն պետք է կատարվի, բայց քանի որ նման մեղադրանք արդեն կա, ապա ինքը հավատում է, որ պետական կառավարման համակարգում այլ գործակալներ ևս կան: Զարուհի Փոստանջյանը պնդեց, որ, եթե ուզում ենք իրապես ուժեղ, ամուր պետություն ունենալ և մեր ազգային անվտանգության համար լրացուցիչ խոչընդոտներ չստեղծել, ապա բարձրաստիճան պետական պաշտոնյաները որոշ ժամանակ, ոմանք՝ նաև մինչև իրենց կյանքի ավարտը, չպետք է լքեն ՀՀ-ն և բնակություն հաստատեն այլ երկրում:
«Աննա Հակոբյանը և նրա ընտանիքի անդամները՝ երեխաները, գտնվում են պետական հատուկ պաշտպանության ներքո: Նրանք նույնպես որոշ չափով պետական գաղտնիք կրողներ են: Այս պարագայում, երբ ռազմական դրությունը չի ավարտվել, պաշտոնապես մենք այս պահին գտնվում ենք ռազմական դրության մեջ, այսինքն՝ մենք պատերազմի մեջ ենք ըստ էության, Աննա Հակոբյանին ո՞վ է թույլ տվել Հայաստանի իրավապահ մարմիններից, որ նա ուղևորվի Մոսկվա, կամ չգիտեմ՝ որտե՞ղ է հիմա գտնվում, գուցե Բաքվո՞ւմ է, կամ Անկարայո՞ւմ է: Մենք չգիտենք, թե հիմա Աննա Հակոբյանին մեր թշնամիներն ինչպիսի առաջադրանք են տվել, և ինչպիսի վարժանքների մեջ է նա ներգրավված: Եթե շուտով մեր սահմանին թուրք- ադրբեջանական-պակիստանական զորավարժություններն են անցկացնելու, որոնք նաև հարձակողական զորավարժություններ են, ապա Աննա Հակոբյանն էլ այնտեղ է վարժանքների մասնակցում: Ոչ միայն թշնամին պետք է մեզ վրա հարձակում գործի սահմանների այն կողմից, այլ նաև պետական գաղտնիք կրող մարդկանց տանում են վարժանքների, որ գան, նորից գործ ունեն անելու: Կա երկրորդ տարբերակ, որ նա փորձում է փախուստի դիմել, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց, որ ևս 6 ամիս պետք է մնա, ավելի շատ հակված եմ նրան, որ գործ ունեն անելու դեռ»,- ասաց Փոստանջյանը: