«Ես հիմա չեմ կարող բացառել ամեն ինչ, ասեմ, եթե լինեն, ապա 1-2 հոգի». Հրաչյա Հակոբյանը՝ «Իմ քայլից» Մարուքյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին
168.am-ն այսօր խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանից հետաքրքրվեց՝ իշխանությունը վախենո՞ւմ է պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելուց, վախենալու բան ունի՞, քանի որ երեկ ըստ էության «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասել էր, որ այդ հարցի կապակցությամբ իշխանություններն իրեն ցրողական պատասխան են տվել և վախենում են նման հանձնաժողով ստեղծելուց:
«Չեք լսել և չեք լսի, որ վախենում ենք քննիչ հանձնաժողով կամ այլ հանձնաժողովներ ստեղծելուց: Վարչապետն էլ իր ելույթներում բազմիցս ասել է, որ լինելու է քննություն՝ պատերազմի հետ կապված, և բոլորը պատասխան են տալու»,- նշեց Հրաչյա Հակոբյանը:
Անդրադառնալով հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ որքանով տեղյակ է, քննարկումներն ընթանում են, սակայն այս պահին չեն պատրաստվում այդ հարցում շտապել:
«Չենք պատրաստվում ընտրություններին, որովհետև քննարկումները շարունակվում են»,- շեշտեց պատգամավորը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ անհրաժեշտության դեպքում իշխող խմբակցությունից որևէ մեկը կողմ քվեարկի Էդմոն Մարուքյանի վարչապետի թեկնածությանը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ չի կարծում, թե այսօր իրենց խմբակցությունում կան նման պատգամավորներ: Եթե անգամ լինեն, ապա՝ շատ քիչ:
«Ես հիմա չեմ կարող բացառել ամեն ինչ, ասեմ, եթե լինեն, ապա 1-2 հոգի: Ինքս իմ ներսում ունեմ համոզմունք, որ չեն լինի նման պատգամավորներ, բայց անգամ եթե լինեն, ապա 1-2 հոգի, նրանց քայլը դրական չեմ բնորոշի»,- շեշտեց Հրաչյա Հակոբյանը:
168.am-ի հարցին՝ ճանապարհները ապաշրջափակելուց հետո, ինքը կամ իշխանության որևէ ներկայացուցիչ պատրա՞ստ են ընտանիքով Նախիջևանով գնալ Իրան, Ռուսաստան կամ այլ երկիր, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.
«Ես արդեն ասել եմ, որ դա երկարատև գործընթաց է, որպեսզի մենք կարողանանք հասնել այդ ճանապարհի անվտանգությանը: Հնարավոր չէ ասել, որ այ, օրինակ, հունիսի 1-ին ճանապարհները կբացվեն, և պատրաստ եմ գնալ կամ չգնալ Իրանի Իսլամական Հանրապետություն: Պետք է հասնել նրան, որ մեր քաղաքացիներն իմանան, որ այդ ճանապարհներն անվտագ են, և երթևեկեն այդ ճանապարհով»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում