«Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել բանակցությունները». Հրաչյա Հակոբյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ ռազմագերիների թվի և այլ խնդիրների հետ կապված հարցերը մի փոքր մասնագիտական հարցեր են, հետևաբար` լավ կլինի, որ այդ խնդիրներին անդրադառնա կա՛մ Կառավարության, կա՛մ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Ես չեմ կարող ասել, արդեն ասացի, որ մասնագիտական խնդիր է, գուցե այդտեղ կան պրոբլեմներ, որ պետք չէ ռազմագերիների թիվ հրապարակել, այնպես որ, որևէ բան չեմ կարող ասել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը:
Անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հրապարակմանը, ըստ որի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ այդ պնդումներն իրենց մեջ որևէ լրջություն չեն պարունակում, և որևէ հավաստի աղբյուր չկա:
«Այդ երիտասարդը շատ երկար ժամանակ խոսում է թուրքական գործակալ լինելու մասին և վերջում ցույց է տալիս մի թուղթ, այո՛, դեռ պետք է պարզվի դրա հավաստիությունը: Այնտեղ խոսք է գնում ՀՀ-ի ներսում ԱԱԾ-ի ինչ-որ թղթի մասին: Ասում եմ՝ այդ երիտասարդի հայտարարություններն իրենց մեջ արդեն որևէ լրջություն չեն պարունակում: Ես ասում եմ՝ երկար խոսվում է Թուրքիայի ագենտ լինելու մասին, եթե այդքան լուրջ էր, թող հրապարակեր Թուրքիայի գործակալ լինելու մասին որևէ փաստաթուղթ, այլ հրապարակում է թուղթ՝ ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցելու մասին: Ես արդեն ասացի՝ լուրջ չեմ համարում»,- նշեց Հրաչյա Հակոբյանը:
Ինչ վերաբերում է այդ թղթի հրապարակման հետ կապված իրավական գործընթացներին, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Եթե կան հիմքեր, այո, կարծում եմ՝ իրավական գործընթաց պետք է սկսվի: Եթե դա զրպարտանք է, վիրավորանք է, պետք է սկսվի իրավական գործընթաց»:
Հարցին՝ թիմի ներսում քննարկումներ կա՞ն այն հարցի շուրջ, թե Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտություն կրելուց հետո ի վիճակի չէ բանակցել, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ թիմի ներսում միշտ էլ քննարկումներ են ընթանում. «Գոնե այս պահի դրությամբ կա այն կոնսենսուսը, որ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, և ընդհանրապես Կառավարությունն այն Կառավարությունն է, որը կարող է շարունակել բանակցությունները»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում