Բաժիններ՝

Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության դեպքերը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողության, գողության փորձերի դեպքերը կատարվել են 2020թ. մայիսից մինչև նույն թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հետագայում միացվել են մեկ վարույթում՝ փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա տղամարդը, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ հետ, ծրագրել և փորձել են իրականացնել ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:

Այդ նպատակով 2020թ. մայիսի 7-ին վերջիններս ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամաս, որտեղ նախապես վերցրած տեխնիկական միջոցների գործադրմամբ, 34-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել նշված թաղամասի բնակարաններից մեկը, սակայն չկարողանալով բացել տան մուտքի դռան փականը, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել և հեռացել է: Այդ ընթացքում նրա ընկերն սպասել է շենքի մուտքում՝ հսկելով տարածքը և վերացնելով խոչընդոտները։

Նույն օրը, գողություն կատարելու դիտավորությամբ, գնացել են նույն թաղամասի մեկ այլ շենք և իրենց հետ նախապես վերցրած տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք են գործել ներս և այնտեղից գաղտնի հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր և հեռուստացույց՝ տանտիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Բացի այդ, 2020թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը պատահական տաքսի ավտոմեքենայով ուղևորվել է դեպի Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգված, որտեղ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, խառնել բնակարանում առկա իրերը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը, որը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր դեռևս 2020թ. մայիսի 9-ին և որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը դատարանի կողմից հետագայում չի երկարացվել, արգելանքից ազատ արձակվելուց հետո էլ, խախտելով իր նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի հիմքերը, շարունակել է իր հանցավոր գործունեությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ քրեական գործով մյուս մեղադրյալը՝ 34-ամյա տղամարդու ընկերը, մեկ այլ՝ գողության դեպքի առթիվ դատարանում քննված քրեական գործով հանդիսացել է ամբաստանյալ, որի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատ է արձակվել: Սակայն վերաքննիչ բողոքի արդյունքում վերջինիս պատժաչափը փոփոխվել է, և նրա նկատմամբ սահմանվել է ավելի խիստ պատիժ: Եվ քանի որ խուսափել է պատժի կրումից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն հետագայում հայտնաբերվել և ձերբակալվել է՝ վերոհիշյալ քրեական գործով։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի (գողության փորձին օժանդակելը) 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով։ 34-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս