Իջևանում Բանակի օրվան նվիրված միջոցառման համար բյուջեից 700.000 դրամ է հատկացվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 30-ին Իջևան քաղաքում՝ Տավուշի մարզպետարանի դահլիճում, նախատեսված է հայոց բանակի կազմավորման 29-ամյա տարեդարձին նվիրված մշակութային միջոցառում: Տավուշի մարզպետարանը հայտարարել է, որ այդ միջոցառումը նպատակ ունի բարձրացնել հայկական բանակի և զինված ուժերի դերը հասարակության աչքերում, խթանել հայ երիտասարդի և պատանու ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը. արժևորել հայ բանակայինի ուրույն դերը հասարակության տարբեր խավերում: Տավուշի մարզպետարանի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումն անցկացնելու համար մարզպետարանը հայտարարել է մրցույթ, որին կարող են մասնակցել ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ, ՀԿ-ներ: Հայոց բանակի տարեդարձին նվիրված մշակութային ծրագրի արժեքը 700 հազար դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն):
Մրցույթի արդյունքում մարզպետարանը կընտրի այն ծրագիրը, որը բովանդակային առումով լավագույնը կճանաչի:
Տավուշի մարզկենտրոն Իջևանի համայնքապետարանն ունի մշակութային մի քանի հիմնարկներ, մարզի համայնքները՝ մշակութային կենտրոններ, մարզի տարածքում տեղակայված զորամասերում կան շնորհալի երաժիշտներ և երգիչներ, որոնց կարողությունները կարելի էր օգտագործել հայկական բանակի օրվան նվիրված միջոցառում կազմակերպելու համար, իսկ պետական բյուջեի 700 հազար դրամն ուղղել մարզի հաշմանդամ ազատամարտիկների, սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին ֆինանսապես օգնելուն:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նախկինում իր հայտարարություններում նշել է, որ մեր հերոսները գործարարներն են, որոնք ներդրում են կատարում, աշխատատեղեր ստեղծում Տավուշի մարզում: Դա տարակուսանք է առաջացրել Տավուշի մարզի բնակիչների շրջանում, որի շուրջ 350 կմ սահմանները պաշտպանելիս վերջին 30 տարում զոհվել, հերոսացել են հարյուրավոր ազատամարտիկներ: Անցած տարվա աշնանը՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի ամենաթունդ շրջանում՝ 2020 թ․հոկտեմբերի 29-ին, մարզպետ Հայկ Չոբանյանը զբաղված էր 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում Դիլիջան համայնքի մաս կազմող Հովք գյուղում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանի ծառատունկ անելով»։