Ի՞նչ պատմությունների մեջ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, որի միջոցով կատարվում է ՀՀ բանակի գնումների 95 տոկոսը, այդ թվում՝ զենք-զինամթերքը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից անցել է շուրջ երեք ամիս, սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են անարձագանք թողնել պարտության հնարավոր պատճառների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները: Որոշ բացատրություններ, իհարկե, տրվում են, բայց դրանք խոր և համապարփակ չեն ու էլ ավելի շատ հարցեր են առաջացնում: Ինչպես բազմիցս նշվել է, պատերազմում մեր պարտության խնդիրներից գլխավորը համարվում է զենք-զինամթերքի գնման հետ կապված կոռուպցիոն սկանդալը: Մամուլում այդ հարցի վերաբերյալ տևական ժամանակ է՝ շրջանառվում է Դավիթ Գալստյանի անունը, որը հանրության շրջանում հայտնի է Պատրոն Դավո մականունով: Ըստ նույն տեղեկությունների՝ Հայաստանի բանակի զենքի գնումների 95 %-ը իրականացվում է Դավիթ Գալստյանի միջոցով:
․․․Ո՞վ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ու ի՞նչ տեղեկություններ են շրջանառվում նրա մասին, որին որևէ կերպ չի արձագանքում ո՛չ Գալստյանը և ո՛չ էլ ՀՀ ՊՆ-ն: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գալստյանը մի քանի մասնագիտացված ընկերությունների բաժնետեր է. նա Հայաստանում արտադրվող «Կալաշնիկով» գործարանի սեփականատերերից է, դարձել է այս արտադրության հիմնադիր Royalsys Engineering ընկերության նախագահը:
Ներկայիս իշխանությունների հետ ևս Գալստյանը սերտ հարաբերությունների մեջ է, բավականին մտերիմ է նախկին ՊՆ նախարար Գավիթ Տոնոյանի հետ, որի թույլտվությամբ էլ, կարելի է ասել, Գալստյանը իրականացրել է զենք-զինամթերքի մատակարարման մասով բոլոր գործընթացները: Ու, կարծես թե, քաղաքական իշխանությունների համար էլ վերջինս դարձել է սիրելի, քանի որ բոլոր այն սկանդալային հրապարակումները, որոնք կապվում են Գալստյանի հետ, ոչ մի հետևանք չեն ունենում, քննության առարկա չեն դառնում: Հիմա Տոնոյանն այլևս պաշտպանության նախարար չէ, բայց իր մտերիմը շարունակում է վայելել իշխանությունների համակրանքը:
Ըստ «Պարա ԹՎ»-ի հրապարակման՝ Դավիթ Գալստյանը Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան և Կայմանյան կղզիներում: «Փաստաթղթերից մեկում երևում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է. որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջրներինգը»: Դազախական 10 մլն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում: Մոնոպոլիստ բիզնեսմենը. ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40 տոկոսանոց զեղչից, որն այնուհետև վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս»:
Իսկ երեկ արդեն «Սիվիլնեթը» տեղեկություններ հրապարակեց, որ Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով: «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի շարք առևտրային ընկերությունների, այդ թվում՝ Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով՝ ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- պատասխանել են ԱԱԾ-ից:
Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար»։
Ամբողջությամբ կարող եք կարդա թերթի այսօրվա համարում։