Ալժիրը պատրաստվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի 500.000 չափաբաժին ստանալ
Ալժիրի իշխանությունները հունվարին կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մոտավորապես 500 հազար չափաբաժնի են սպասում: Այդ մասին հայտարարել է կորոնավիրուսի հարցերով զբաղվող կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ջամալ Ֆուրարը:
«Մենք կսկսենք բնակչությանը պատվաստել պատվաստանյութի առաջին խմբաքանակն ստանալուց անմիջապես հետո»,-Ֆուրարը հայտարարել է Ալժիրի Chaine 2 ռադիոկայանով:
Այժմ երկրում պատրաստել են մոտավորապես 8 հազար ներարկման կետեր, դրանց թիվը կարող է ավելանալ, հայտնել է պաշտոնյան:
Ֆուրարն ընդգծել է, որ Ալժիրի կողմից ընտրված պատրաստուկներն «անվտանգ են եւ արդյունավետ»: Նրա խոսքով՝ իշխանությունները պլանավորում են պատվաստել բնակչության մինչեւ 60-70 տոկոսին՝ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար:
Երեխաները պատվաստում չեն ստանա: Նաեւ իշխանությունները շարունակում են բանակցությունները Չինաստանում պատվաստանյութերի արտադրողների հետ, նշել է Ֆուրարը:
Ալժիրը 2020 թվականի դեկտեմբերի 10-ին դարձել է աֆրիկյան առաջին երկիրը, որը գրանցել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այդ պետության առողջապահության նախարարության տվյալների համաձայն, Ալժիրում COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 103 հազարը, ներառյալ շուրջ 70 հազար ապաքինման դեպքերը եւ մահվան 2836 դեպքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: