«Իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք էր մեր նկատմամբ». Իվետա Տոնոյանը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին
«Իշխանությունը շատ կեղտոտ գործիքակազմ է որդեգրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում ընդդիմության դեմ կազմակերպած մի քանի տասնյակ քաղաքացիների ակցիային՝ նշելով, որ ըստ երևույթին պատճառը նախօրեին խորհրդարանում ԲՀԿ-ի հնչեցրած գնահատականներն են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի հետևանքով Սյունիքի մարզի բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ, և, որ այդ համայնքների անվտանգությունը կասկածի տակ է հայտնվել:
Պատգամավորի խոսքով՝ օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ էին մեկնել Սյունիքի մարզ, որպեսզի ծանոթանան բնակիչների խնդիրներին, իսկ այսօր արդեն օգնություն էին տարել նրանց.
«Այցելել ենք Որոտան, Շուռնուխ համայնքներ, տեսել ենք, թե ինչ սոցիալական խնդիրներ են իրենց սպառնում: Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Սյունիքում էինք, բոլոր խնդիրները ներկայացրել ենք պարոն Ծառուկյանին, և քանի որ Շուռնուխում կա 12 ընտանիք, որոնք տարհանվել են, չունեն բնակարան, ապրում են տնակներում, շատ վատ պայմաններում, պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ այսօր սոցիալական աջակցություն՝ առաջնային անհրաժեշտության ապրանքներ էինք տարել Շուռնուխ»:
Իվետա Տոնոյանը նշեց, որ վերադարձի ճանապարհին նաև եղել են Սիսիան քաղաքում՝ զինվորական պանթեոնում՝ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, իսկ արդեն Երևան ուղևորվելու ճանապարհին՝ Սիսիան-Գորայք հատվածում, հանդիպել են ակցիա իրականացնող քաղաքացիներին.
«Մի քանի տասնայակ մարդիկ էին, հստակ սադրանքներ իրականացնելու նախատրամադրվածությամբ, նրանք շատ լավ գիտեին, թե ինչ մեքենայով ենք մենք, և այլն: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ ցավում եմ, որ այսօր իշխանությունները նման էժանագին գործելաոճ են գործի դնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր բարձրաձայնում են, որ կոնկրետ Սյունիքի բազմաթիվ համայնքներում անվտանգությունը վտանգված է, որ այլևս սահմանամերձ են դարձել, նման կեղտոտ գործիքակազմ է կիրառվում: Որևէ կոնֆլիկտ չի եղել, նրանք իրենց վերապահումներն էին հայտնում Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, Հայրենիքի փրկության շարժման հետ կապված բացասական երանգներ էին տեսնում, բացասական էին գնահատում գործունեությունը… Մենք բոլորին լսել ենք, ասել ենք, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը, բայց քանի որ ակնհայտ էր, որ այդ կարծիքներն ուղղորդված էին… Ես չեմ կարող ասել, թե ովքեր էին այդ մարդիկ, սակայն այն, որ սա իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք էր մեր նկատմամբ՝ միանշանակ է»:
Պատգամավորն ընդգծեց, որ սա կազմակերպված ակցիա էր իշխանությունների կողմից, քանի որ 2-րդ անգամ են այցելում Սյունիք.
«Բազմաթիվ մարդկանց հետ ենք շփվել, եղել ենք Գորիսում, Կապանում, Մեղրիում, այսօր արդեն՝ Սիսիանում, ու որևէ նման նախատրամադրվածություն մենք չենք զգացել, իսկ այն, որ այսօր այդ մի քանի տասնյակ մարդկանց ուղարկել էին, որպեսզի նման ակցիա իրականացնեն՝ ոչնչի բերող գործելաոճ է»:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում լուրեր շրջանառվեցին, թե իբր Վազգեն Մանուկյանն այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողել մտնել մարզ: Կարճ ժամանակ անց Հայրենիքի փրկության շարժումը հերքեց այդ լուրը՝ նշելով, որ Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այդ պահին որևէ մարզային այցելություն չունի, և, որ Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում: