«Փաշինյանն իր չստացված մանկության և ճնշված երիտասարդության մուռը Հայաստանից հանեց». Հռիփսիմե Առաքելյան

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի կարծիքով՝ հանրությունը մերժել է Հայաստանի գործող իշխանություններին:

«Պարզապես հարցն այն է, թե ինչպես է դրսևորվում դա: Պետք է հաշվի առնենք, որ այն ապատիկ տրամադրությունները, որ այսօր իշխում են մեր համաքաղաքացիների հոգում, այն ցավը, այն վիշտը, որը կա… մենք գիտենք, թե ինչքան զոհ ունենք մենք, և այդ զոհերի ընտանիքներում մարդիկ բնական է, չէ՞, ինչ ողբերգական տրամադրություններով են այսօրվա դրությամբ փորձում ելք գտնել այսօրվա իրավիճակից և որևէ խթան ունենալ՝ հետագայում ապրելու: Մենք պետք է այս ամենը հաշվի առնենք: Երբ ասում են՝ զանգվածներ-զանգվածներ, մեզ մոտ զանգվածներ դուրս չեն գալու հիմա, դա բացառված է: 2018թ. մեր հասարակությունը չափազանց մեծ ակնկալիքներով դուրս եկավ փողոց, չէ՞ որ դա էլ է սթրես, նա այդ սթրեսն ապրեց հավատով, 2020թ. այս խայտառակ պատերազմի կապիտուլյացիոն ելքով գերագույն աստիճանի հասավ իր ապատիան, այսինքն՝ 2 տարվա մեջ մենք ունեցել ենք խորը սթրեսային իրավիճակ մեր երկրում, և սրանից հետո ակնկալել, որ հիմա էլ դուրս արի՝ գոռգոռա, որ Փաշինյան Նիկոլը հավատա, որ դու իրեն չես ուզում, ուղղակի աբսուրդ է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ այս պահին ժողովուրդը խորը հոգեբանական սթրեսային իրավիճակում է, և նրա ձևակերպմամբ՝ որևէ դավաճանի չպետք է ապացուցի, որ մերժում է նրան. «Նա պետք է ամսի 9-ի գիշերը հրաժարական տար ու գնար: Սա էլ է ամոթ, որ մենք մտածում ենք՝ դե, դուրս չենք գալիս փողոց, ինքն էլ չի գնում: Ինչի՞ մասին է խոսքը: Նա հիմա բացառապես զբաղված է իր սեփական անձը փրկելով, բա մնացա՞ծը»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի՝ մանկությունից եկած բարդույթները նրա մոտ դրսևորվել են և՛ լրագրող, և՛ պատգամավոր եղած տարիներին, և՛ հիմա.

«Մարդ, որը համարել է, որ ինքը զրկված է եղել շատ բաներից… և այդպիսի վատ մանկություն ունեցող մարդկանց մոտ կա դիմացինին և մարդկանց ապացուցելու սինդրոմ, որ՝ այ, տեսեք, ես, օրինակ, հեծանիվ չունեի, բայց հիմա ոչ միայն հեծանիվ ունեմ, այլև ունեմ այս, այն․․․: Այսինքն՝ նյութական արժեքներն ապացուցելու խնդիր ունեն սրանք: Այո, նա դրա վառ ներկայացուցիչն է, ես միշտ սարսափել եմ այդպիսի մարդկանցից: Իմ շրջապատում էլ հանդիպում են մարդիկ, որոնք մանկություն չեն ունեցել, սա տխուր իրողություն է, բայց մանկություն չունենալը հասուն տարիքում դրսևորվում է: Նա դրա պարզ վկան է:

Նա իր մուռը Հայաստանից հանեց՝ իր չստացված մանկության, իր չստացված պատանեկության, իր ճնշված երիտասարդության: Նա ամեն կերպ փորձում է երկարաձգել իր իշխանությունը, որովհետև իր բաղձալի երջանկությանը հասել է, որ ինքը պետք է ունենա իշխանություն և իշխի բոլորին. Ամեն մարդ չի կարող հրաժարվել դրանից, չէ՞ որ նա արդեն սովորել է, որ պետք է կաշվեպատ մեքենաներով երթևեկի: Գուցե ասեք՝ պրիմիտիվ բան եմ ասում, բայց ոչ, այս մարդկանց մոտ դա է կարևորը: Երբ ասում են՝ ընկեր, արթնացիր, կինոն ավարտվեց, դու չես մնալու, և ինքն իսկապես չի մնալու, նա ականջները փակում է, հիստերիայի մեջ է ընկնում միայն այն մտքից, երբ պատկերացնում է, որ ինքը կարող է հրաժարական տալ, բայց ինքը տալու է հրաժարական: Ինքը գիտի, որ տալու է, և շուտով նա գնալու է»:

Հռիփսիմե Առաքելյանը հավելեց. «Փաշինյանն Ալ Պաչինոն կամ Ռոբերտ Դե Նիրոն չէ, որ սիրելուց իրեն հետապնդեն, և այդ սիրուց պաշտպանվելու խնդիր ունենա, այս մարդն ատելությունից պաշտպանվելու խնդիր ունի, իսկ դա սոսկալի է»:

Ռազմիկ Մարտիրոսյան

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս