Բաժիններ՝

Գումարի ընդհանուր թիվը երևի կանցնի 7-8 միլիոն դրամը. Քաղաքացիները չկայացած «Ջրային կրկեսի» գումարն են ուզում, տոմս վաճառողներն ասում են՝ շուտով կկայանա

2020 թվականի հունվարի 31-ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ռուսական «Водная страна» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է՝ որպես կրկես՝ ջրի վրա: Այս կոլեկտիվի հետաքրքիր, գունավոր և ցնցող ելույթները նախատեսված էին գարնանային տոներին՝ մարտի 6, 7, 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի արժեքը 2500-20 000 դրամ էր:

«Անցած տարի փետրվարի 16-ին 2 տոմս գնեցի՝ յուրաքանչյուրը՝ 16.000 դրամ: Անդորրագրերն ունենք մեզ մոտ: Հետո սկսվեց կորոնավիրուսը՝ հետաձգեցին, ապա չեղարկեցին միջոցառումը, ու հիմա, երբ tomsarkgh.am-ի հետ կապ ենք հաստատում՝ գումարները հետ ստանալու պահանջով, պատասխանում են, որ իրենք կապ չունեն, ընդամենն առաքող են ու չեն ուզում վերադարձնել: Ոչ մի տրամաբանական պատասխան չեն տալիս, գոնե ասեն, որ կազմակերպիչներին դատի են տվել՝ հասկանանք: Ֆեյսբուքում ես նաև խումբ եմ բացել, որտեղ ընդգրկված են տոմսեր գնած այլ անձինք և գումարի ընդհանուր թիվը երևի կանցնի 7-8 միլիոն դրամը, որովհետև դպրոցներից ևս դասարանի համար գնել են»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհեց Էլեն Կարապետյան-Պետրոսյանը:

Զանգահարեցինք նաև tomsarkgh.am-ում առկա միակ հեռախոսահամարով, օպերատոր Տաթև Հայրապետյանը խոսելով միջոցառման հետաձգման մասին՝ հայտնեց, որ այն տեղի կունենա առաջիկայում:

«Միջոցառումը տեղափոխվել է, այդ պատճառով կազմակերպիչները դեռևս վերադարձ չեն իրականացնում: Կայանալու է ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին, հիմա սպասում ենք, որ նոր օրերը հայտարարեն»:

Հարցին՝ եթե միջոցառումը չի կայանում, գումարը չե՞ն վերադարձնում սպառողին, ու իրենք պատասխանատվություն չե՞ն կրում, վերջինը պատասխանեց.

«Դա մեզանից կախված չէ, կազմակերպիչներից է կախված, բայց նման բան դեռ չի եղել: Մենք միջնորդ կազմակերպություն ենք, առաքում ենք իրականացնում. իրենց գնած տոմսերն առաքում ենք իրենց տուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս