«Վստահ եմ՝ արտահերթ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է․ ճգնաժամն իշխող քաղաքական ուժի արարքների ու գործողությունների մեջ է». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ԼՀԿ-ն, խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջ չի ներկայացրել, դա վարչապետի օրակարգն է:

«Իշխող ուժն օրակարգ է բերել արտահերթ ընտրությունների հարց և տեսել է, որ չկա ընդհանուր կոնսենսուս, հիմա ասում է, թե՝ չեք ուզում, չենք անի, կամ ընդդիմությունը վախենում է, որ չեն անցնի խորհրդարան, դրա համար չեն ուզում գնալ արտահերթ ընտրությունների, և այլն: Ի պատասխան դրա՝ մենք ասում ենք, որ  ցանկացած պահի պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, երբ խորհրդարանը ցրվի, լինեն արտահերթ ընտրություններ, մենք դրան պատրաստ ենք: Բայց խորհրդարանը ցրելու մեկ մեխանիզմ կա, պետք է վարչապետը հրաժարական տա, որից հետո խորհրդարանը չընտրի վարչապետ, և դրանից հետո 40 օր հետո իրականացնեն արտահերթ խորհրդարանական ընտրություներ: Այսինքն, եթե իրենք ուզում են արտահերթ ընտրություններ անել, թող որևէ մեկի վրա բեռ չգցեն, ասեն՝ պատրաստ ենք ընտրության, գան հրաժարական տան, և ընտրությունները կազմակերպվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանական ընդդիմությունը չի ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ մտավախություններ ունի, որ բավարար ձայներ չի հավաքի, և հնարավոր է՝ չհայտնվի խորհրդարանում:

Նա ընդգծեց, որ ԼՀԿ-ն ամբողջ Հայաստանի ընտրական տեղամասերում ունի ներկայացուցիչներ, և հիմա թարմացնում են այդ ցանկերը, դասընթացներ են կազմակերպում, ուժեղացնում են թիմը:

«Այս պահին կարող են ցրել խորհրդարանը, և մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ի՞նչ խնդիր կա, եթե քաղաքական ճգնաժամի լուծումն ընտրությունների մեջ է, ապա գնանք այդ ընտրություններին: Ես վստահ եմ, որ այդ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է, քանի որ ճգնաժամը քաղաքական ուժի մեջ է, նրա արարքների ու գործողությունների մեջ է, խոսքն իշխող քաղաքական ուժի մասին է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Լենա Նազարյանի մեկ այլ հայտարարությանը, որ, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա, ապա պետք է հեռանա թիմով, Էդմոն Մարուքյանն ասաց, որ որևէ մեկը դեմ չէ, եթե իշխող քաղաքական ուժն իր թիմով հեռանա:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ նրանց արհավիրքն է, այս քանդված պետությունը, պետական համակարգում այսօր որևէ խնդիր չի լուծվում, տնտեսություն գոյություն չունի, սոցիալական խնդիրները գլուխ են բարձրացրել, խայտառակ վիճակ է: Այո, սա այս թիմի ստեղծած իրավիճակն է»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168.amի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս