ԱՄՆ-ը B-1B ռազմավարական ռմբակոծիչների խումբ է տեղափոխելու Նորվեգիա
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պատրասվում են փետրվարին Նորվեգիա տեղափոխել B-1B Lancer չորս ռազմավարական ռմբակոծիչներից բաղկացած խումբ: Այդ մասին հաղորդել է Նիդեռլանդների ավիացիոն ընկերության Scramble ինտերնետ-հրատարակությունը:
Դրանց ժամանման ստույգ ամսաթիվն առայժմ անհայտ է: Սպասվում է, որ դա տեղի կունենա փետրվարի 7-ից մինչեւ 20-ն ընկած ժամանակաշրջանում:
Ռմբակոծիչները կտեղակայվեն Նորվեգիայի կենտրոնական մասում գտնվող Էռլանի ավիաբազայում, որն ունի 2714 մետր երկարությամբ թռիչքա-վայրէջքային գոտի եւ կայանման չորս հրապարակ՝ մեծ ինքնաթիռների համար:
Այժմ այնտեղ բազավորված են Նորվեգիայի Թագավորական օդուժի F-35A Lightning II կործանիչների Էսկադրիլիան եւ Sea King Mk43B ուղղաթիռների ստորաբաժանումը:
Ինչպես հաղորդել է ԱՄՆ-ի օդուժը, անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները, որոնք բարձրացել են Ալյասկայի ավիաբազայից, 36-ժամյա անվայրէջք թռիչք են կատարել Հյուսիսային բեւեռով դեպի Նորվեգիայի ափեր, որտեղ համատեղ զորավարժություններ են անցկացնել նրա ռազմաօդային ուժերի հետ:
Ինտերնետ-հրատարակության տվյալներով՝ սպասվում է, որ B-1B-երը Նորվեգիա կժամանեն Տեխասի նահանգի Դայես բազայի 7-րդ ռմբակոծիչ թեւի կազմից, որի ինքնաթիռներն անցած սեպտեմբերին գործարկվել են Նորվեգիայի մերձակայքում, կամ Հարավային Դաքոտայի նահանգի Էլսուորթ ավիաբազայի 28-րդ ռմբակոծիչ թեւի կազմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: