2 տարի է՝ հերթագրել եմ երեխային, որ մանկապարտեզ գնա, արդեն 4 տարեկան է՝ ոչ մի լուր չկա. Ծնողներն ահազանգում են, քաղաքապետարանը՝ պարզաբանում
Ծնողներն ահազանգում են՝ իրենց փոքրիկներին չեն կարողանում տանել պետական մանկապարտեզ, որովհետև ասում են՝ տեղ չկա: Իսկ իրենցից շատերն այդ տեղին սպասում են 1.5-2 տարի:
«Ես, 2 տարի է՝ հերթագրել եմ երեխային, որ մանկապարտեզ գնա, արդեն 4 տարեկան է՝ ոչ մի լուր չկա: Ի՞նչ անի աշխատող ծնողը, ով պետք է աշխատի, բայց երեխան փոքր է, իսկ մանկապարտեզն էլ չի ընդունում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:
«Ստացվում է, որ 2017թ. ծնված երեխաները միանգամից դպրոց կգնան, էլ ի՞նչ է մնացել որ: Մասնավոր մանկապարտեզ էլ ամեն ծնող չի կարող տանել, երբ վարձը տատանվում է 45.000-100.000 դրամի սահմաններում, իսկ տանելուց էլ՝ ստացած աշխատավարձը վճարում են մասնավորին»,- հավելեց մեկ այլ ծնող:
168.am-ը Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է երեխաների մի մասին մանկապարտեզ ընդունելու ձգձգման պատճառը, վերջինը պատասխանեց.
«Հերթագրումը էլեկտրոնային եղանակով է արվում։ Երեխան կսկսի հաճախել մանկապարտեզ, երբ հերթը հասնի, իսկ եթե հերթագրման հետ կապված խախտման կասկած ունեն՝ կարող են և՛ քաղաքապետարան ահազանգել, և՛ ցանկացած վերահսկողական կամ իրավական մարմնի»: